Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է գիշերը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Տեղում քրեական և համայնքային ոստկանները պարզել են, որ վիրավորը, ով ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ծերուն Հ.-ն է։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են, թե որտեղ ինչ հանգամանքներում և ում կողմից է հրազենային վնասվածք ստացել մահացածը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գողություն անելու նպատակով Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, տանտերը նկատել է, ինչի ժամանակ էլ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ, ով հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra»-ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։



