Ըստ էության՝ մեզ մոտ կապիտալի շուկա գոյություն չունի։ Իսկ կապիտալի շուկայի որոշիչ տարրը հենց բաժնետոմսերն են։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Մենք նաև չգիտենք, թե որքան արժե մեր տնտեսությունը։ Այս պայմաններում աբսուրդի հասնող կերպով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնահատվեց 350 հազար դոլար»,— ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ վերջին շրջանում որոշակի քաղաքական հետապնդումների պատճառով ավելի քան 60 ընկերություն ու ձեռնարկություն է փակվել։
Այնուհետև Ֆարմանյանը հարցով դիմեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Սևակ Միքայելյանին։
«Չե՞ք կարծում, որ եթե այդ փակված ընկերությունները լինեին բաց բաժնետիրական ընկերություններ և ունենային բազմաթիվ բաժնետերեր, ապա շատ ավելի պաշտպանված կլինեին։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք տեսնում կապիտալի շուկայի զարգացման համար, որը գործնականում այսօր գոյություն չունի»,— հետաքրքրվեց ընդդիմադիր գործիչը։
Հարկ է նշել, որ որոշակի քննարկումներից հետո Սևակ Միքայելյանի թեկնածությունն ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



