Հայաստանի վարչապետը երեկ երեկոյան գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որ եթե ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասով կան անհանգստություններ, դիմեն իրեն ուղիղ էլեկտրոնային մեյլի միջոցով և փաստարկված ներկայացնեն այդ դրվագները, թե որտեղ են տեղի ունեցել տվյալ հանցագործությունները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Միքայել Խաչատրյանը։
«Եթե այդ ամենը փաստահեն չլինի, դա կվերածվի մի խառնաշփոթի և բոլորը ամեն ինչ կխոսեն բոլորի մասին։ Իսկ եթե ներկայացվում են բոլորը փաստահեն, կլինեն վստահաբար հետևանքներ թե քաղաքական և թե իրավական դաշտում։ Չի կարող լինել որևէ անձ, որևէ մի պաշտոնյա ՔՊ–ում, որը աչքի ընկնի նման գործելաոճով, իսկ եթե լինեն, կպատժվեն վստահաբար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ փաստեր եղան, թե ինչպես են հրահանգներ իջեցվում, որ մասնակցեն ՔՊ–ի քարոզարշավներին, ՆԱև ձայնագրություններ հրապարակեց, օրինակ, Արման Թաթոյանը, ինչու այդ դեպքում չհետևեցին պատիժներ, ՔՊ–ական պտգամավորն ասաց. «Արման Թաթոյանը և մյուս ընդդիմադիր ուժերը թող խոսեն իրենց կաշառքների, ձայնագրությունների մասին։ Այսօր 200-ից ավել քրգործեր կան քննվող։ Իինչ վերաբերվում է նրան, որ իրենք են մեղադրում մեզ վարչական ռեսուրս կիրառելու մեջ, թող գնան դիմեն դատարան, և արդեն իրավական ընթացակարգով հարցը լուծեն։ Եթե կա կամ կլինի կամ եղել է ինչ-որ մի պաշտոնյա իշխող քաղաքական ուժից, վստահաբար կկրի պատասխանատվություն, թե քաղաքական, թե իրավական դաշտում»։
Անդրադառնալով նրան, որ Շատին համայնքի դպրոցում ուսուցիչներին հավաքել են, որ վերջիններս մասնակցեն ՔՊ-ի թեկնածուի հետ հանդիպմանը, որի մասին գրել էր «Հետքը», Միքայել Խաչատրյանն ասաց. «Ով որ արձանագրել է այդ խախտումը, ով որ նկատել է, ինքը կարող է ընթացակարգերին համապատասխան դիմել իրավապահներին։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք վախենում են, վախի մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում ավարտվել է ու դեռ վաղուց։ Թող ոչ ոք չվախենա, եթե կան օրենքին չհամապատասխանող արարքներ, օրենքից դուրս արարքներ, հանցագործություններ, թող բոլորը գնան և հաղորդում տան դրա մասին։
Վարչապետի կոչը վերաբերվում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին և քաղաքական թիմի անդամներին, եթե իրենք ահազանգում են, որ նման բան է եղել, թող դիմեն վարչապետին, փաստահեն։
Քանի որ տարբեր ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր գործիչներ անընդհատ ահազանգում են, որ այս կոռումպացված իշխանությունը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևաչափերով փորձում է խոչընդոտել իրենց առաջխաղացումը, ես էլ եմ կոչ անում, թող բոլոր այն ուժերը… Եթե մի քաղաքացու ձայն կեղծվել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում՝ նույնպես, հրապարակները ազատ են, բոլորին կոչ եմ անում՝ թող դուրս գան՝ հեղափոխություն անելու:
Այսինքն՝ մենք սա ասում ենք այն բանի համար, որ եթե նման անհանգստություն լիներ ՀՀ քաղաքացիների տարբեր շրջանակներում, ոչ թե միայն ընդդիմադիր շրջանակներում, այդ հանրահավաքները և ցույցերն արդեն իսկ կազմակերպված կլինեին, որովհետև ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե երբ է ընտրությունը կեղծվել, և թե երբ ընտրությունը չի կեղծվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական իրավունքի խոչընդոտման և ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ էր արել կազմակերպել բողոքի ակցիաներ։
Ավելի վաղ նա ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին, որոնք հայտնել են ճնշումների մասին, հորդորել էր դիմել իրեն՝ nikolpashinyan@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ խոստանալով, որ հիմնավորված դեպքերում պատասխանատու պաշտոնյաները հրապարակայնորեն կպատժվեն։



