Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը ն...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պաշտոնում դիտարկվում է ֆիզիկոս Սարգիս Մանուկյանի թեկնածությունը, որը կրթություն է ստացել արտերկրում։

Հիշեցնենք, որ Սարգիս Հայոցյանը մի քանի շաբաթ առաջ հրաժարական էր ներկայացրել և հեռացել զբաղեցրած պաշտոնից։ Իսկ երեկ կոմիտեից հեռացել է նաև նրա տեղակալ Արթուր Մինասյանը։

Այս կադրային փոփոխությունները, սակայն, պարզապես պաշտոնանկությունների կամ անձնական որոշումների շարք չեն։ Գիտության ոլորտում ստեղծված իրավիճակի հիմքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆինանսական խնդիրներն են, ոլորտի զարգացման համար բավարար միջոցների բացակայությունն ու պատասխանատվության բաշխման շուրջ առաջացած տարաձայնությունները։

Մեր տեղեկություններով՝ գիտական հանրության շրջանում մտահոգություն է առաջացրել այն հանգամանքը, որ գիտության ոլորտի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն։ Խնդիրը հատկապես սրվել է 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների համատեքստում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ֆինանսավորման հարցը դարձել է կոմիտեի ղեկավար կազմի դժգոհության պատճառներից մեկը։

Իրավիճակն ավելի է բարդացել նաև ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրի շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների պատճառով կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչները հայտնվել են քննադատության թիրախում, և նրանցից ակնկալվել է պատասխանատվություն ստանձնել ստեղծված իրավիճակի համար։ Արդյունքում, ըստ մեր աղբյուրների, պաշտոնյաները նախընտրել են հեռանալ, քան շարունակել աշխատել մի համակարգում, որտեղ իրենց վերապահված խնդիրների լուծման համար բավարար ռեսուրսներ չկան։

Կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակի մյուս կարևոր հանգամանքը ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության հարցն է։ Մեր տեղեկություններով՝ կառույցի հաշվապահության հետ կապված հարցերը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, և հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ մեր աղբյուրների՝ այս պատմությունն իր ազդեցությունն է ունեցել նաև կոմիտեի ֆինանսավորման և բնականոն աշխատանքի վրա։ Քրեական վարույթի հանգամանքներն ու դրա հնարավոր հետևանքները, սակայն, պաշտոնական պարզաբանման կարիք ունեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։