Մեր խնդիրը տուն, կացարան ունենալն է, մինչև երբ մենք այստեղ պետք է վարձով ապրենք, դա պարզ չէ, մի երկու անգամ գրավոր դիմումով խնդրել ենք, որ պատվիրակությամբ ընդունի վարչապետը, ներկայացնենք մեր խնդիրը, որ նման ակցիա չիրականացնենք: Այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի օգնական Ինա Բաբայանը:
Նա նշեց, որ հանդիպել են Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, ով ասել է, որ կտրամադրեն Արցախում բնակարաններ, իսկ եթե Արցախ չեն ուզում վերադառնալ, դիմեն ՀՀ կառավարությանը:
Ճշտող հարցին՝ չե՞ք ուզում վերադառնալ, նա ասաց՝ այնտեղ բազմաթիվ մարդիկ արդեն երկրորդ, երրորդ անգամ կլինեն վերաբնակչի կարգավիճակով: «Հիմա էլ նման մտավախություն ունենք: Բոլորի համար Արցախի վիճակն անորոշ է, ոչ մեկն այդ ապահովությունը չի զգում, որ հետ վերադառնալու դեպքում հանգիստ ու ապահով կլինի, որ երեխա տանի այնտեղ ապրելու»,- ասաց նա:
Ինա Բաբայանը նշեց, որ ինքը Բերձորից է: «Երբ ասում են՝ վերադարձեք, Բերձորը մերն է, կարող եմ ասել՝ ոչ ոք մեզ 100 տոկոսանոց երաշխիք չի տա, որ մենք մեր երեխաներին վերցնեք, գնանք, իսկ ով կասի՝ ես տալիս եմ 100 տոկոս անվտանգության երաշխիք, նա թող իր ընտանիքով գա ու ինձ հետ հավասար իմ տան մեջ ապրի»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ իրենք, որ ասում են փոխհատուցում, չեն ուզում անընդհատ պետության հույսին մնալ: «Մենք այդ ցանկությամբ չենք այստեղ, մենք բոլորս արժանապատիվ կյանքով ենք ապրել, հիմա էլ ենք այդպես ուզում: Թող տան մեզ կացարան, տան հարց լուծենք, մենք ապրող-արարող ժողովուրդ ենք, պատրաստ ենք այստեղ էլ ապրել, արարել, ստեղծել»,- նշեց նա:



