Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիր...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը լրջորեն է ընդունում հրեական պետության հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի գրասենյակը։

Նեթանյահուի խոսքով՝ Էրդողանը գրեթե ամեն օր հանդես է գալիս Իսրայելի դեմ ուղղված կոչերով, և նման արտահայտությունները չի կարելի անտեսել։

«Եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ որևէ բան սովորեցրել է, ապա դա այն է, որ երբ ինչ-որ մեկը խոսում է ձեզ ոչնչացնելու մտադրության մասին, այդ խոսքերին պետք է լրջությամբ վերաբերվել»,- հայտարարել է վարչապետը։

Նա նաև հայտնել է, որ Իսրայելը մտադիր է ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Թուրքիայի նախագահի հռետորաբանության վրա։

Ինչպես նշում է պարբերականը, վերջին շրջանում Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են հակաիսրայելական հայտարարությունները։ Մասնավորապես, ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ էր արել «ազատագրել» Երուսաղեմը։

The Times of Israel-ը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում բազմիցս դրվատանքով է խոսել Էրդողանի մասին, ավելի վաղ հնարավոր էր համարել, որ Թուրքիան կարող է միջամտել ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը (Թեհրանի կողմից)։ Բացի այդ, Թրամփը հայտարարել էր Թուրքիային սպառազինություն, այդ թվում՝ F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ գործարքի նախապատրաստման մասին, ինչն անհանգստություն է առաջացնում Իսրայելում։