Middle East Eye պարբերականը գրում է, որ Իսրայելի հասցեին Ադրբեջանի հնչեցրած քննադատությունը «սակավադեպ կշտամբանք» է երկու երկրի միջև էներգետիկ և պաշտպանական ոլորտներում սերտ դաշնակցային հարաբերությունների ֆոնին:
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի հետ Իսրայելի դաշնակցային համակարգում գոյություն ունեցող հակասության վրա՝ նշելով, որ Բաքուն նախկինում փորձում էր հանդես գալ որպես միջնորդ Անկարայի և Թել Ավիվի միջև, սակայն այժմ, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման պայմաններում, հայտնվել է ավելի բարդ իրավիճակում:
Իսրայելական քաղաքականության մասնագետ Դունյա Բասոլը կարծում է, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի այդ որոշումը վերջնականապես չհաստատվի Քնեսեթում: Նրա կարծիքով՝ Իսրայելում, հնարավոր է, թերագնահատած լինեն այս հարցում ադրբեջանա-թուրքական դաշինքի զգայունությունը:
Middle East Eye-ը նշում է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը միմյանց դիտարկում են որպես մերձավոր դաշնակիցներ, իսկ 2021 թվականի Շուշիի հռչակագրի շրջանակում կողմերը պարտավորվել են աջակցել միմյանց երրորդ կողմի հարձակման դեպքում:
Պարբերականը հիշեցնում է, որ 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ թե՛ Անկարան, թե՛ Իսրայելն աջակցում էին Ադրբեջանին:
Ընդգծվում է նաև, որ Իսրայելի որոշումն առայժմ կառավարության դիրքորոշման բնույթ ունի և, նախքան պաշտոնական պետական քաղաքականություն դառնալը, պետք է հաստատվի Քնեսեթի կողմից:



