Տնտեսական հարկադրանքին դիմակայում, հանրամատչե...

Վերջին տարիներին ԱՄՆ որոշ քաղաքական գործիչներ հաճախ հիշատակում են «տնտեսական հարկադրանքը»՝ անհիմն պնդելով, թե Չինաստանը տնտեսական միջոցներն օգտագործում է այլ երկրների վրա ճնշում գործադրելու և քաղաքական նպատակների հասնելու համար։ Սա կեղծ մեղադրանք է, որը ԱՄՆ-ն առաջ է քաշել «չինական սպառնալիքի տեսությունը» տարածելու նպատակով, իսկ նրանց իրական նպատակը Չինաստանին զսպելու և ճնշելու համար պատրվակ գտնելն է։

Հայտնի փաստ է, որ Չինաստանը մշտապես հավատարիմ է փոխադարձ հարգանքի և հավասարության սկզբունքներին՝ այլ երկրների հետ բարեկամական և գործնական հարաբերություններ զարգացնելիս, ինչպես նաև հանձնառու է համապարփակ և ներառական տնտեսական գլոբալիզացիայի խթանմանը։

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ակտիվորեն կիրառում է միակողմանի պատժամիջոցներ, իրականացնում «անջատման և մատակարարման շղթաների խզման» քաղաքականություն՝ քողարկվելով «տնտեսական հարկադրանքի» դեմ պայքարով, սակայն իրականում հենց իրենք են կիրառում «տնտեսական հարկադրանք»։ Նրանց կարելի է համարել իսկական մանիպուլյատորներ, որոնք քաղաքականացնում են տնտեսական և առևտրային հարաբերությունները և դրանք վերածում զենքի։

Վերջին շրջանում ԱՄՆ-ն՝ հղում անելով ֆենտանիլի խնդրին, հավելյալ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ԱՄՆ արտահանվող որոշ ապրանքների վրա։ Չինաստանը խորապես դժգոհ է և կտրականապես դեմ այս քայլին, արդեն ձեռնարկել է անհրաժեշտ հակաքայլեր և դատական հայց ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն։

Փաստացի, Չինաստանը միակը չէ, որ տուժում է ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունից։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, Մեքսիկան և Եվրոպական միությունը, նույնպես տուժում են դրանից։ ԱՄՆ-ի կողմից բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի դեմ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը միակողմանի գործողությունների և առևտրային պրոտեկցիոնիզմի դրսևորում է, ինչը կոպտորեն խախտում է ԱՀԿ-ի կանոնները։ 

Այս քայլը ոչ միայն չի նպաստում ամերիկյան տնտեսության զարգացմանը, այլ նաև ապակայունացնում է համաշխարհային արտադրական և մատակարարման շղթաները, խաթարում տնտեսական գլոբալացման և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացները։ Սա բացարձակապես անհիմն միջոցառում է, որը վնասում է ինչպես մյուս երկրներին, այնպես էլ հենց ԱՄՆ-ին։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ֆենտանիլի չարաշահման խնդիրը գնալով ավելի լուրջ բնույթ է կրում, և դրա արմատները գտնվում են հոգեմետ նյութերի նկատմամբ թույլ վերահսկողության, դեղագործական ընկերությունների շահադիտական մոտեցման և քաղաքական բևեռացվածության հիմքում, ինչը խոչընդոտում է թմրամիջոցների դեմ պայքարին։

Ամերիկյան քաղաքական գործիչները լավ հասկանում են, որ այս խնդիրը հնարավոր չէ լուծել կարճ ժամկետում, և այդ պատճառով փորձում են «պատասխանատվությունը բարդել» Չինաստանի վրա՝ մեղադրելով ննրան, որպես ֆենտանիլի և դրա նախադրյալների հիմնական աղբյուր։

Այս պնդումները փաստերի կոպիտ աղավաղումն են: Չինաստանը աշխարհի ամենախիստ և հետևողական հակաթմրամիջոցային քաղաքականություն իրականացնող երկիրն է, և միշտ վճռականորեն պայքարում է թմրամիջոցների արտադրության և տարածման դեմ։

Չինաստանը մշտապես վճռականորեն պայքարում է թմրամիջոցների արտադրության և տարածման դեմ։ Դեռ 2019 թվականին, ԱՄՆ-ի խնդրանքով, Չինաստանը աշխարհում առաջինն ամբողջական վերահսկողություն սահմանեց ֆենտանիլային նյութերի նկատմամբ և մարդասիրական հիմունքներով ԱՄՆ-ին բազմակողմանի օգնություն տրամադրեց։

Վերջերս Չինաստանը հրապարակել է երկրում ֆենտանիլ պարունակող նյութերի վերահսկողության վերաբերյալ «Սպիտակ գիրքը», որտեղ մանրամասն ներկայացված են Չինաստանի կողմից ձեռնարկված լայնածավալ միջոցառումները, ինչպես նաև նրա նորարարական փորձը այս ոլորտում։ Այս փաստաթուղթը նպաստում է Չինաստանի դիրքորոշումների, գործողությունների և հասած արդյունքների օբյեկտիվ, համապարփակ և խորքային ընկալմանը ֆենտանիլի նկատմամբ վերահսկողության ոլորտում։

Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է «մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի» հայեցակարգը, պատասխանատվությամբ կատարում է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային պարտավորությունները, ակտիվորեն մասնակցում գլոբալ հակաթմրամիջոցային համագործակցությանը և համապարփակ աջակցում թմրամիջոցների խնդիրների գլոբալ կառավարմանը։ Չինաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերն արդեն տալիս են ակնհայտ արդյունքներ ֆենտանիլին առնչվող նոր մարտահրավերներին դիմակայելու գործում։

Ներկայումս համաշխարհային իրավիճակը բնութագրվում է անկայունությամբ և քաոսով, տարածաշրջանային հակամարտություններն ու հումանիտար ճգնաժամերը հաճախակի են դարձել, իսկ տնտեսական գլոբալիզացիան հանդիպում է լուրջ խոչընդոտների։ Այս պայմաններում «Համաշխարհային Հարավի» երկրների համագործակցությունն ու զարգացումը դարձել են բարդ իրավիճակի մեջ դրական ու խոստումնալից միտում։

Չինաստանը և Հայաստանը, որպես «Համաշխարհային Հարավի» երկրներ, հանդիսանում են տնտեսական գլոբալիզացիայի գործընթացում ակտիվ մասնակիցներ և ներդրողներ։ Չինաստանը հետևողականորեն շարունակում է խորացնել բարեփոխումները և բաց քաղաքականությունը՝ կիսելով զարգացման պտուղները աշխարհի բոլոր երկրների հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր հերթին ակտիվորեն խթանում է տնտեսության դիվերսիֆիկացումը և ընդլայնում միջազգային գործընկերների շրջանակը։

Մեր երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը դինամիկ աճ է գրանցում, և 2024 թվականին հասել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 34%-ով։ Չինաստանի և Հայաստանի միջազգային համագործակցությունն էլ ավելի է սերտանում։ Անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում զրույց ունեցավ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։

Այս տարի Չինաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահող երկիր, մի շարք միջոցառումներ է անցկացնում «ՇՀԿ-ի կայուն զարգացման տարվա» շրջանակներում։ Աշնանը Թիենծինում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցությանը՝ համատեղ ուժերով ստեղծելու համերաշխության և վստահության, խաղաղության և կայունության, բարեկեցության և զարգացման, բարիդրացիության և բարեկամության, արդարության և հավասարության վրա հիմնված ՇՀԿ ընտանիք։

Բացի այդ, Չինաստանը և Հայաստանը պետք է խորացնեն համագործակցությունը ՄԱԿ-ի և Համաշխարհային առևտրի կազմակերպության շրջանակներում՝ նպաստելով ավելի արդար և ողջամիտ գլոբալ կառավարման համակարգի ձևավորմանը, աջակցելով համապարփակ, բաց և ներառական տնտեսական գլոբալիզացիային։ Չինաստանը և Հայաստանը վճռականորեն հանդես են գալիս որոշ երկրների կողմից կիրառվող «ճնշման» և «շահագործման» քաղաքականության դեմ՝ հաստատակամորեն պաշտպանելով «Համաշխարհային Հարավի» ընդհանուր շահերը։

Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար  Չեն Մին