Գազայի հատվածում բնապահպանական իրավիճակը հասնում է աղետալի մակարդակի՝ համաճարակների բարձր ռիսկով։ Այս մասին հայտնել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի քաղաքապետը։
«Գազայում ամեն ինչ համակարգված և միտումնավոր ոչնչացվել է, այդ թվում՝ բուսականության 90%-ը։ Մենք կանգնած ենք իրական աղետի առաջ, որը կհանգեցնի հիվանդությունների և համաճարակների տարածման», - նշել է քաղաքապետը։
Տեղեկություններ են հաղորդվում, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Իսրայելն օդային և հրետանային հարվածներ է հասցրել Գազա քաղաքին և Խան Յունիսի արևելյան շրջաններին, ավերել մի քանի շենքեր։
Բացի այդ, իսրայելական ուժերն Արևմտյան ափում ձերբակալել են 40 պաղեստինցու։
The Times of Israel-ը հայտնում է, որ Արևմտյան ափի Բեթղեհեմ շրջանում ձերբակալվել է ՀԱՄԱՍ խմբավորման շուրջ 40 անդամ, որոնք պլանավորում էին հարձակումներ իրականացնել։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69 185-ի, վիրավորվել է 170 698 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Կողմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների աճյունները։ Մարդասիրական օգնության մուտքն անկլավ ավելացել է։ Այնուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում հրադադարի խախտումներ։



