Իրաքի Անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն ընտրություններում հաղթել է վարչապետ Մոհամմադ Շիաա աս-Սուդանիի ղեկավարած «Վերակառուցում և զարգացում» կոալիցիան: Այս մասին հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):
Վարչապետ աս-Սուդանին հաստատել է կառավարություն ձևավորելու համար խորհրդակցություններ սկսելու պատրաստակամությունը։
«Մենք անմիջապես կսկսենք բանակցություններ՝ կոմպետենտ կառավարություն ձևավորելու համար»,- ասել է նա՝ ընգծելով, որ իր կոալիցիան բաց է բոլոր կողմերի համար՝ առանց բացառության։ Միևնույն ժամանակ նա խոստացել է հաշվի առնել բոլորի շահերը, այդ թվում՝ նրանց, ովքեր բոյկոտել են ընտրությունները։
Բաղդադում կայացած մամուլի ասուլիսում Անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան՝ ավելացնելով, որ նախնական արդյունքները բողոքարկման ենթակա չեն։
Հանձնաժողովը ավելի վաղ հայտարարել էր որ ընտրատեղամասերի 99.98%-ից տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 56.11%։
Deutsche Welle-ի փոխանցմամբ վարչապետի ղեկավարած դաշինքը հավաքել է ավելի քան 1,3 միլիոն ձայն, իսկ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ավելի քան 1 միլիոն ձայնով։ Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Մոհամմեադ ալ-Հալբուսիի գլխավորած սուննիական «Առաջընթաց» դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը՝ մոտ 945000 ձայնով։
46 միլիոն բնակչություն ունեցող Իրաքում ընտրելու իրավունք ունի 21 միլիոն մարդ։
Մոհամմադ ալ-Սուդանին ցանկանում է երկրորդ ժամկետով մնալ վարչապետ, սակայն փորձագետները կարծում են, որ նրա հնարավորությունները փոքր են, քանի որ կոալիցիան բաժանված է։ Իրաքի նոր կառավարություն ձևավորելու բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։



