
Թաիլանդը մերժում է Կամբոջայի հետ սահմանային հակամարտության կարգավորման գործում երրորդ կողմի մասնակցության հնարավորությունը և պնդում է, որ անցկացվեն երկկողմ բանակցություններ: Այս մասին Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
ԱՄՆ-ն, Չինաստանը և Մալայզիան առաջարկել են միջնորդել երկխոսության հարցում, սակայն, ըստ խոսնակ Նիկոռնդեյ Բալանկուրայի, Բանգկոկը երկկողմ լուծում է փնտրում։
«Ես չեմ կարծում, թե մեզ առայժմ որևէ երրորդ երկրի միջնորդական օգնությունն է անհրաժեշտ։ Մենք մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ երկկողմ մեխանիզմը լավագույն ելքն է, սա երկու երկրի միջև առճակատում է», - ասել է Բալանկուրան լրատվական գործակալությանը՝ հավելելով, որ Կամբոջան պետք է նախ դադարեցնի բռնությունները սահմանին։
Երկու երկրի միջև զինված բախումները սկսվել են հուլիսի 24-ի առավոտյան՝ սահմանի երկայնքով մի քանի հատվածներում: Թաիլանդի զինված ուժերը հայտնել են, որ կիրառել են կործանիչներ կամբոջական ուժերի դիրքերին հարվածելու համար: Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակը գործել է ինքնապաշտպանության շրջանակներում՝ պատասխանելով Թաիլանդի զորքերի ագրեսիային: Բախումները դեռ շարունակվում են։ Կողմերը բախումները սկսելու համար մեղադրում են մեկը մյուսին։
Թաիլանդը հայտնել է 16 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Բացի այդ, 100 000 մարդ տեղահանվել է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 25-ին արտակարգ նիստ կանցկացնի՝ երկու երկրի միջև բախումները քննարկելու համար։
Կամբոջայի և Թաիլանդի միջև վեճն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի և սկսվել է այն պահից, ինչ երկու երկրների միջև ֆրանսիական օկուպացիայից հետո գծվել են սահմանները։ Իրավիճակը լարվել էր 2008 թվականին, երբ Կամբոջան փորձեց վիճելի տարածքում գտնվող 11-րդ դարի տաճարը գրանցել որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այս քայլը լուրջ դիմադրության արժանացավ Թաիլանդի կողմից։ Տարիների ընթացքում կողմերի միջև ժամանակ առ ժամանակ վերսկսված բախումները զոհերի պատճառ են դարձել երկու կողմում էլ։