
Այն բանից հետո, երբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացահայտեց, որ բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից կա նաեւ այլ փաստաթուղթ, որը ի վնաս Հայաստանի եւ Հայ ժողովրդի է եւ այսօր կյանքի է կոչվում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց նման փաստաթղթի գոյությունը։ Արդեն այս հայտարարությունից հետո տարօրինակ հաղորդագրություն է տարածում ՀՀ ԱԱԾ-ն, որը տարօրինակ լինելուց բացի նաեւ զավեշտ է, քանի որ ուղիղ տեքստով արգելվում է ԶԼՄ-ներին առանց ԱԱԾ համաձայնության որեւէ լուսաբանում կատարել լրատվամիջոցներին Սյունիքի վերաբերյալ։ Մեղմ ասած, Սյունիքը կամ հայտարարվում է ռազմականացված գոտի, կամ էլ այստեղ ինչ որ զիջումներ են լինելու, որոնց մասին դեռ իմանալու ենք առաջիկայում։
Հիշեցնենք, որ ի պատասխան պատգամավորի հարցի, թե Հայաստանն ու Ադրբեջանը, բացի երկու հայտնի հայտարարություններից, ունեն արդյո՞ք այլ երրորդ փաստաթուղթ՝ կնքված իրար հետ, առանց Ռուսաստանի միջնորդության, փոխվարչապետ Ավինյանը պատասխանել էր․ որ առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չէ. «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ճանապարհահատվածին: Բացի նշված հայտարարություններից, դա ինձ հայտնի միակ պայմանավորվածությունն է: Մնացած հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանկանում, առաջարկում եմ ստանալ հանձնաժողովների, կամ խմբակցությունների հետ հանդիպման ֆորմատով»:
Ընդհանրապես էլ որեւէ կերպ անհնար է խոսել այն մասին, որ Հայաստանում իշխանությունները գործում են ի շահ Հայաստանի եւ Հայ ժողովրդի, որ գործում են թափանցիկ ու հաշվետվողական կերպով եւ որ ամենից կարեւոր է, իշխանությունները գործում են խելամտության սահմաններում։ Քանի որ խելամտության սահմաններում գործող իշխանությունների մաս կազմող ԱԱԾ-ն, օրինակ չի կարող հայտարարել, որ ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ:
Այսինքն, պարզ ասած, իշխանությունները ցանկանում են որպես հլու հնազանդ կամակատարներ անել այն, ինչ ասվում է իրենց, եւ անել դա սուսուփուս, ինչպես սուսուփուս, առանձին փաստաթղթով հանձնել են Զանգելանի եւ Կուբաթլուի մյուս հատվածը, կամ ինչպես սուսուփուս, գիշերվա խավարով պաշտպանված ստորագրել են եռակողմ հայտարարությունն ու հետո ապաստանել «բունկերում»։
Սա արդեն վաղուց նորմալ չէ։ Ավելին, սա արդեն աննորմալ էլ չէ, այլ ուղղակի աղետ է։ Ու դեռ ինչեր ենք իմանալու, օրինակ, որ հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են գնում, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը փորձում է հարմարեցրած լինել ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի տակ ու այսպես շարունակ։ Արդեն ոչ թե վատին կամ վատթարին պետք է սպասել, այլ ամեն նոր բացվող օրվա հետ նոր աղետի ակնկալիքը պետք է ունենալ։