Սուդանի զինվորականները հայտարարել են երկրի մա...

Սուդանի զինված ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել մայրաքաղաք Խարթումի նկատմամբ և ոչնչացրել քաղաքում կիսառազմական Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) մյուս դիրքերը: Այդ մասին հաղորդում է Al-Arabiya-ն:

«Մեր զորքերն այսօր հաջողությամբ և եռանդով մաքրել են Խարթումում ԱԱՈւ-ի հրամանատար Մուհամեդ Համդան Դագալոյի աշխարհազորային ահաբեկիչների դիմադրության վերջին օջախները», - ասվում է զինվորականների ներկայացուցիչ Նաբիլ Աբդուլայի՝ մարտի 27-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Մարտի 26-ին Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը ելույթ ունեցավ Խարթումի նախագահական պալատում, որը մինչ այդ զինվորականները հետ էին գրավել ԱԱՈւ-ից, և հայտարարեց, որ մայրաքաղաքն ազատ է ԱԱՈւ-ից:

Ըստ տարբեր աղբյուրների՝ ԱԱՈւ-ի ջոկատներն այժմ նահանջում են դեպի հարավ։ Դրա հետ մեկտեղ, ԱԱՈւ-ն դեռևս մի շարք դիրքեր է պահում մայրաքաղաքին հարակից Օմդուրման քաղաքում։

ԱԱՈւ-ն խոստացել է, որ «նահանջ կամ կապիտուլյացիա» չի լինի և վստահեցրել, որ իրենց ուժերը կվերաբաշխվեն միայն նոր դիրքերում:

Սուդանում զինված հակամարտությունը զինվորականների և ԱԱՈւ-ի միջև շարունակվում է 2023 թ. ապրիլի 15-ից: Հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 28 000 մարդ: Ավելի քան 14 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տունը։

Ներկայումս զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և Դարֆուրի գրեթե ողջ տարածաշրջանը։