
1920 թ. սեպտեմբերի 4-ին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։
«Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր անկյուն հազարավոր մարդկանց համար:
Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, հավատքի խորացման և ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր։ Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգևոր կյանքի կարևորագույն էջեր, ծառայել են նվիրյալ հոգևոր հայրեր:
Շիրակի թեմի նորօրյա պատմության և ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում է կանգնած նրա սիրելի առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրը առաջնորդել է թեմը խորը հոգևոր գիտակցությամբ, կրթական և մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ, համայնքային կյանքի վերակազմակերպմամբ և ազգային արժեքների պահպանության վճռականությամբ։
Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական աջակցման ծառայությունները և հոգևոր լուսավորության մի շարք ծրագրեր։ Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության և խաղաղության խրատ՝ անկախ իրավիճակից ու ժամանակից։
Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում է իր հոգևոր հոտի կողքից։ Նա այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի մեջ, մի իրողություն, որին մենք մոտենում ենք խոր հոգևոր մտահոգությամբ, բայց նաև ամուր վստահությամբ՝ արդարության և ճշմարտության հաղթանակի նկատմամբ։
Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան։ Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, և շուտով մեր առաջնորդը՝ կշարունակի իր հոգևոր ծառայությունը:
Շիրակի թեմի հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Շիրակի թեմի 105-ամյակի կապակցությամբ:
Թող Ամենակալ Աստված պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգևոր առաջնորդին, ամրացնի մեր հոգևոր կյանքը, և Շիրակի թեմը շարունակի իր ճանապարհը՝ հավատի, հույսի և սիրո լույսով»,- ասվում է թեմի տարածած հայտարարությունում։