Ռուսաստանը եւ Իրանը, պատժամիջոցները շրջանցելո...

Ռուսաստանը եւ Իրանը նոր առեւտրային միջմայրցամաքային երթուղի են կառուցում՝ Եվրոպայի արեւելյան ծայրամասից մինչեւ Հնդկական օվկիանոս, երկարությունը՝ 3 000 կիլոմետր։ Այն անհասանելի է լինելու ցանկացած օտարերկրյա միջամտության համար, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Երկու երկրները միլիարդավոր դոլարներ են ծախսում գետերով եւ երկաթուղիներով Կասպից ծովի հետ կապված ապրանքների տեղափոխման համար։ Bloomberg-ի տվյալները ցույց են տալիս, որ ռուսական եւ իրանական տասնյակ նավեր, այդ թվում պատժամիջոցների տակ գտնվող, արդեն երթեւեկում են այդ երթուղով։

Սա օրինակ է այն բանի, թե մրցակցությունը որքան արագ է փոխում առեւտրային ճանապարհները համաշխարհային տնտեսությունում, որը, ինչպես երեւում է, պատրաստ է բաժանվել մրցակցող կողմերի։ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք գտնվում են պատժամիջոցների ճնշման տակ, ընդառաջ են գնում միմյանց, եւ նրանք միասին նայում են դեպի արեւելք։

Նպատակն այն է, որպեսզի առեւտրային կապերը պատնեշվեն Արեւմուտքի միջամտությունից եւ նոր կապեր հաստատվեն Ասիայի հսկայական եւ արագ աճող տնտեսությունների հետ։

«Խոսքը պատժամիջոցների շղթայի հանդեպ կայուն մատակարարումների ստեղծման մասին է ամբողջ ճանապարհի երկայնքով»,- ասել է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի արտաքին քաղաքականության եւ պատժամիջոցների գծով փորձագետ Մարիա Շագինան։

Ստեղծվող առեւտրային միջանցքը Ռուսաստանին եւ Իրանին թույլ կտա հազարավոր կիլոմետրերով կրճատել գոյություն ունեցող երթուղիները։ Նրա հյուսիսային ծայրում Ազովի ծովն է, որը սահմանակից է Ղրիմի թերակղզուն, Ուկրաինայի հարավարեւելյան ափին, ներառյալ Ռուսաստանին ենթակա Մարիուպոլը եւ Դոնի գետաբերանը։

Այստեղից գետային, ծովային եւ երկաթուղային ցանցերը կձգվեն մինչեւ Կասպից ծովի իրանական հանգույցներ եւ, ի վերջո, կհասնեն Հնդկական օվկիանոս։

Ըստ Շագինայի՝ Ռուսաստանը եւ Իրանը 25 միլիարդ դոլար կլներդնեն այս միջանցքում՝ օգնելով թեթեւացնել ապրանքների հոսքը։

Սա տագնապեցնում է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, քանի որ նրանք փորձում են արգելակել իրանական անօդաչուների եւ այլ ռազմական բեռների մուտքը Ռուսաստան, որոնք, նրանց խոսքով, օգնում են Կրեմլին Ուկրաինայի հետ հակամարտությունում։

Ռուսաստանը նախատեսում է ներդնել 1 մլրդ դոլար Ազովով, Դոն գետով եւ Վոլգայի հետ կապված ջրանցքով անցման համար։

Ռուսաստանն ավարտում է այն կանոնների ստեղծման աշխատանքը, որոնք իրանական նավերին իրավունք կտան անցնել Վոլգա եւ Դոն գետերի ներքին ուղիներով, տեղեկացրել է իրանական ծովային նորությունների գործակալությունը։

Նավերի երթեւեկի մասին տեղեկությունները, որոնք հավաքել է Bloomberg-ը, ցույց են տալիս, որ իրանական մոտ 12 նավեր, որոնք պատժամիջոցների տակ են, երթեւեկում են կասպյան երկրների ջրերով եւ Վոլգայի կարեւոր նավահանգիստներով։

Ինչպես անցած ամիս տեղեկացրել է Իրանի կիսապաշտոնական տեղեկատվական գործակալությունը, Թեհրանում գտնվող IRISL ընկերությունը ներդրել է 10 մլն դոլար Վոլգայի նավահանգստում։ Նպատակն այն է, որպեսզի մոտ կրկնակի ավելացվի Աստրախանի Սոլյանկա նավահանգստի բեռնատարողությունը՝ ամսական 85 000 տոննա։

Իրանի սահմանների ներսում երկիրը փող է ներդնում տերմինալներում, որտեղ բեռները կարող են նավերից տեղափոխվել երկաթուղային ճանապարհներ Կասպից ծովից մինչեւ Պարսից ծոց։ Այն նաեւ կընդլայնի երկաթուղային ցանցը, որն արդեն մոտ 16 000 կիլոմետր երկարություն ունի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է։

Առեւտրային պատվիրակություններն սկսել են ավելի հաճախ գործել Իրանում եւ Ռուսաստանում, եւ առեւտուրն աճում է։ Այն պաշտոնապես ավելացել է կրկնակի այս տարվա օգոստոսին։ Տարեկան ցուցանիշը շուտով կգերազանցի 5 մլրդ դոլարը։ Կա 40 մլրդ դոլարի հասնելու նպատակ, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումից հետո, անցած ամիս ասել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը Թեհրանում կայացած համաժողովում։ Իրանի համար սա ավելի արդիական է՝ համաշխարհային տերությունների հետ 2015թ. համաձայնագրի վերականգնման անվստահ փորձերի ֆոնին, որի համաձայն՝ պատժամիջոցները հանվել էին երկրի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Թեհրանի աջակցությունը Մոսկվային, ինչպես նաեւ համազգային ցույցերի կոշտ ճնշումը հանգեցրել են այն բանին, որ նրա անզիջում կառավարությունը էլ ավելի է կտրվել Արեւմուտքից։

Իրանի պաշտոնյաներն ասում են, որ իրենք կենտրոնացած են «արեւելյան առանցքի» վրա եւ հրաժարվում են Եվրոպայի հետ ցանկացած տնտեսական կապի վերականգնումից։ Այստեղ պատրաստ են առեւտրային էներգետիկ մի շարք պայմանագրեր կնքել Ռուսաստանի, Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Մի քանի տարի եվրասիական այս գոտում միավորվելու լուրջ ջանքեր են գործադրվել։ Չինաստանը եւ Ռուսաստանն արդեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են, որն Իրանը կդարձնի իր իններորդ անդամը։ Չինաստանը եւ Իրանը մոտ են այն բանին, որպեսզի  դառնան Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը հնարավոր կդարձնի ազատ առեւտուրը երկրների միջեւ։

Տարածաշրջանի տնտեսությունները կապող եւս մեկ հաստատություն կա նրա սահմաններից դուրս՝ ԲՐԻԿՍ-ը։ Սկզբում այն կազմված էր Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից եւ Չինաստանից, իսկ այժմ ներառված է նաեւ Հարավային Աֆրիկան։ Կազմակերպությունը պատրաստ է ընդլայնման։

Որոշ վերլուծաբաններ այս ամենում տեսնում են այն գաղափարը, որը գոյություն ունի ավելի քան մեկ դար եւ համարվում է աշխարհաքաղաքական մտածողության հիմքը։ Այն կենտրոնացած է օվկիանոսյան համաշխարհային տերության՝ այն ժամանակ Մեծ Բրիտանիայի, այժմ՝ ԱՄՆ-ի եւ Եվրասիայի ցամաքային հսկաների միջեւ պայքարի վրա։

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար Հնդկաստանը կարեւոր հանգույց է այն ցանցերում, որոնք նրանք փորձում են կառուցել։

Ինչպես անցած ամիս տեղեկացրել էր Mehr տեղեկատվական գործակալությունը, ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 12 մլն տոննա, որն ուղեւորվում էր Հնդկաստան, արդեն տարանցել է Իրանը։

Առեւտրային հոսքերը կարող են ավելանալ, եթե Իրանին հաջողվի միավորել Հնդկական օվկիանոսի Չաբահար նավահանգստային չավարտված եւ ձգձգվող համալիրը, նախագիծ, որտեղ ներդրումներ է կատարել Հնդկաստանը։ Մինչ այժմ Չաբահարը ԱՄՆ պատժամիջոցներին չի ենթարկվել, բայց դա կարող է գրավել Վաշինգտոնի ուշադրությունը։

District Consultancy LLC-ի գործադիր տնօրեն Բհարաթ Գոպալսվամիի (առեւտրային խորհրդական Վաշինգտոնում) խոսքով՝ դա թերեւս ամենամեծ սպառնալիքն է ռուս-իրանական գամբիտի համար՝ պատժամիջոցներից խուափելու իմաստով։

Հաջողությունը կամ անհաջողությունը կախված չէ երկու երկրներից։ Դա կախված է լինելու այն բանից, թե կհամաձայնեն արդյոք մյուս երկրները՝ Հնդկաստանից մինչեւ Մերձավոր Արեւելք, աջակցել պատժամիջոցներին, թե մարտահրավեր կնետեն ճնշմանը։

«Այսպիսի ենթակառուցվածքի ստեղծման համար կպահանջվի ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի, այլեւ այդ միջանցքի մաս հանդիսացող մյուս բոլոր երկրների համագործակցությունը,- ասել է Գոպալսվամին։- Աշխարհաքաղաքական հանգամանքների կամ երկրների միջեւ հարաբերությունների ցանկացած փոփոխություն կազդի նախագծի ճակատագրի վրա»։