Մենք միամիտ պատրանքներ չունենք, որ Հայաստանը 2028 կամ 2030 թվականին ԵՄ անդամ կդառնա։ Դրա մասին Համաշխարհային քաղաքական համաժողովի շրջանակում անցկացվող «ԵՄ-ն իբրև ռազմավարական գործընկեր. Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Երկու տարի առաջ մենք ապրում էինք անսովոր ժամանակներում, բայց այսօր իրավիճակն ավելի բարդ է, ինչը նշանակում է, որ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ արդյունավետ են կամ արդյունավետ են միայն առանձին դեպքերում։ Հետևաբար, հիմա մեզ իսկապես անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ և քայլեր։ Թույլ տվեք նախ նկարագրել, թե հայկական տեսանկյունից վերջին երկու տարիների ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստան-ԵՄ ուղղությամբ։ Թերևս, ԵՄ անդամակցության Հայաստանի ձգտման ճանապարհին ամենաանսովոր հանգրվաններից մեկը անցյալ տարվա մարտին ՀՀ խորհրդարանի ընդունած օրենքն է, որը հնարավորություն է տալիս սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Դա հստակ քաղաքական դրսևորում է, թե հայաստանյան կառավարությունն ու հայ ժողովուրդն որտեղ են տեսնում իրենց ապագայում։
Միաժամանակ, մենք, իհարկե, միամիտ պատրանքներ չունենք, որ Հայաստանը 2028 կամ 2030 թվականին ԵՄ անդամ կդառնա։ Սակայն դա քաղաքական հայտարարություն է, որը մատնանշում է մեր աշխատանքի ուղղությունը։ Այդ աշխատանքի շրջանակում մենք ձևավորում ենք բարեփոխումների նոր և հավակնոտ ծրագիր՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխանելուն։ Կարծում ենք՝ բարեփոխումների այդ ծրագիրն ինքնին շատ կարևոր գործընթաց է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, և մենք այն իրականացնում ենք՝ սկսած Եվրոպական միության հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։ Ներկայում մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։
Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։ Փաստացի, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի ընդունած «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգ» փաստաթուղթը լավ հիմք և ճանապարհային քարտեզ է ստեղծում Հայաստանի՝ Եվրոպական միությանը ոլորտային և աստիճանական ինտեգրման համար՝ ներառելով անվտանգության և տնտեսության ոլորտի բազմաթիվ կարևոր բաղադրիչներ, որոնք բացակայում էին 2017 թվականի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»»,- հայտարարել է Կոստանյանը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար դարձել է իսկական ռազմավարական գործընկեր. «Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Սակայն մեզ համար դա դեռ վերջը չէ, և մենք հստակ տեսնում ենք հաջորդ կարևոր փուլերը, որոնք դեռ պետք է անցնել։ Այդ առումով ցանկանում եմ նշել նաև, որ մայիսի 5-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, անմիջապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո, որը մենք նույնպես հպարտությամբ հյուրընկալում ենք Երևանում։ Այսպիսով, ամեն ինչ բավականին արագ է զարգանում։ Ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադարձությունների տեմպերին»։



