Ռուսաստանը դատապարտում է Ստեփանակերտում հայկա...

Ռուսաստանը դատապարտում է Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացումը եւ չի փոխում իր դիրքորոշումը. հուշարձանների դեմ պատերազմը անընդունելի է, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «բոլորից լավ» գիտի, թե ինչ է նշանակում, երբ ոչնչացվում են համատեղ մշակույթի եւ պատմության հետ կապված հուշարձաններ։ «Մենք կրկնակի չափանիշներ չունենք. դա չի կարելի անել ոչ մի տեղ»,- ընդգծել է նա։

Զախարովան ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երեւանի արձագանքի բացակայության վրա՝ առաջարկելով լրագրողին հարցն ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ «Շատ լավ կլիներ նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա։

Զախարովան նաեւ հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020-2022թթ․ եռակողմ համաձայնագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական հաշտեցման ուղի, ներառյալ կալանավորվածների եւ փախստականների վերադարձը։ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է օգնել նման հարցերի լուծմանը, եթե նման խնդրանք լինի։