Հեռուստահաղորդավար Լուսինե Թովմասյանը որոշել է դադարեցնել իր համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրը՝ որպես պատճառ նշելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցը։
«Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։
Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։
Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար»,– գրել է նա։
Մեր տեղեկություններով, արդեն երկար ժամանակ է, որ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկումներում փակ է մուտքը Սերգեյ Սմբատյանի համար, այժմ այն փակվել է նաև այլ հաղորդումներում։
Հիշեցնենք, որ դեռեւս 2023–ի ամռանը ձերբակալվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Վերջինիս մեղադրանք էր ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման, Սերգեյ Սմբատյանին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։
Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է Լուսինե Թովմասյանի գրառմանը՝ նշելով. «Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»։
Նշենք, որ Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն է, գեղարվեստական ղեկավարը, գլխավոր դիրիժորը։ Նա նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է: Սմբատյանը որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պրահայի ռադիո սիմֆոնիկ նվագախմբի, Ռուսաստանի ազգային նվագախմբի, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ նվագախմբի և մի շարք այլ երաժշտական կոլեկտիվներ։
Նա հանդիսանում է «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի», «Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի», «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի» և Պենդերեցկու անվան «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի գեղարվեստական ղեկավարը:



