Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնո...

Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:

Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:

Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:

Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:

Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում):