Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ապրիլի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ: Այս մասին հաղորդում է Moldpress-ը։
Քննարկումները կենտրոնացել են էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Եվրամիությանն անդամակցելու գործընթացի վրա: Այցը համընկել է Չեռնոբիլի ատոմային վթարի 40-ամյակի հիշատակի միջոցառումների հետ։
«Ես ցանկանում եմ Ուկրաինայի ժողովրդին ասել՝ մենք գնահատում ենք ձեզ, մենք ձեզ հետ ենք», - նշել է նախագահ Սանդուն։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի սպառնալիքներն Ուկրաինայի սահմաններին կանգ չեն առնում. դրանք անմիջական ազդեցություն ունեն նաև Մոլդովայի վրա։ Այս համատեքսում նախագահը նշել է Նովոդնիստրովսկի էլեկտրակայանի վրա հարձակումը, որի պատճառով աղտոտվել է Դնեստր գետի ջուրը, և գրեթե մեկ շաբաթ 300 000 մոլդովացիներ մնացել են առանց խմելու ջրի։ Մոլդովայի վրա պատերազմի ազդեցությունների տեսնակյունից նախագահը նաև նշել է իր երկրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները և օդային տարածքի բազմակի խախտումները:
«Մոլդովայի անվտանգությունն ու Ուկրաինայի անվտանգությունը փոխկապակցված են։ Պաշտպանվելով՝ Ուկրաինան նաև մեզ է պաշտպանում», - ասել է Մայա Սանդուն:
Միևնույն ժամանակ Մոլդովայի նախագահն անդրադարձել է ԵՄ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկին՝ ընդգծելով, որ և՛ Մոլդովան, և՛ Ուկրաինան կատարել են բոլոր պայմանները:
«Երբ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրեց 90 միլիարդ եվրոյի վարկ և ընդունեց նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այն գործեց միասնությամբ և վճռականությամբ: ԵՄ-ն պետք է նույն միասնությամբ հանդես գա ընդլայնման գործընթացում և պաշտոնապես անհապաղ բանակցություններ սկսի Մոլդովայի և Ուկրաինայի հետ»,- շեշտել է նա:
Նախագահի այցի օրակարգում ներառված է նաև երկու նախագահների այցը Չեռնոբիլ՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր զոհաբերել են իրենց առողջությունն ու կյանքը՝ 40 տարի առաջ տեղի ունեցած միջուկային աղետի հետևանքները սահմանափակելու համար:



