Աննա Հակոբյանը բացահայտեց իրենց ընտանիքի գաղտ...

Որևէ մեկի համար վաղուց գաղտնիք չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված իրավապահ համակարգը դիտարկում է ոչ թե որպես անկախ ինստիտուտ, այլ՝ որպես իր քաղաքական գործիք։ Ստեղծված իրավիճակը բազմաթիվ դեպքերում տալիս է այն տպավորությունը, որ որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տրամաբանությամբ, այլ՝ քաղաքական նպատակահարմարությամբ։

Վերջին զարգացումները՝ կապված Սամվել Կարապետյանի գործի հետ, ավելի են խորացնում այդ կասկածները։ Հանրության մի մասի համար ակնհայտ է դառնում, որ նույնիսկ մեղադրանքների ձևակերպման հարցում առանցքային դեր ունի ոչ թե համակարգը, այլ՝ քաղաքական կենտրոնը։

Այս ֆոնին առանձնահատուկ ուշադրության արժանի է մեկ այլ դրվագ։ Դեռ 2018 թվականից շրջանառվում էին տեղեկություններ, որ որոշ աղմկահարույց ձերբակալությունների կադրեր նախ քննարկվում են նեղ, անգամ ընտանեկան շրջանակում, և միայն դրանից հետո են հայտնվում հանրային դաշտում։ Թեև այդ տեղեկությունները երկար ժամանակ ընկալվում էին որպես քաղաքական խոսակցություններ, երեկ հնչած հայտարարությունը նոր լույս սփռեց այդ թեմայի վրա։

Իր ասուլիսի ընթացքում Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարեց. «Իրավունքներս խախտված են։ Դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը»։

Այս մի նախադասությունը, թերևս, ավելի խոսուն է, քան բազմաթիվ քաղաքական գնահատականներ։ Խնդիրը միայն ձևակերպման մեջ չէ։ Խնդիրը այն է, որ ստեղծվում է պատկեր, որտեղ իշխանության ներկայացուցիչները իրենց վերագրում են գործառույթներ, որոնք օրենքով իրենց չեն պատկանում։ Իրավական պետությունում քաղաքական գործիչը կարող է միայն հաղորդում ներկայացնել հնարավոր հանցագործության մասին, ոչ թե «դիտարկել» քրեական գործ հարուցելու հարցը։

Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը․ եթե սա պարզապես լեզվական վրիպում է, ապա ինչո՞ւ այն այսքան բնական է հնչում իշխանության ներկայացուցչի շուրթերից։ Իսկ եթե վրիպում չէ, ապա մենք գործ ունենք ավելի խորքային երևույթի հետ, երբ իրավապահ համակարգը ընկալվում է ոչ թե որպես անկախ մարմին, այլ՝ որպես կառավարվող ռեսուրս։

Սա արդեն ոչ թե քաղաքական բանավեճի թեմա է, այլ պետական համակարգի բնույթի մասին լուրջ հարցադրում։