Ռուսաստանում գնաճը մեր օգտին է՝ արտահանման տե...

Ռուսաստանի տնտեսությունը քննարկելիս մենք երկու շատ կարեւոր գործոնների պետք է անդրադառնանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Դա ՌԴ պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների ծախսերն են, որի  արդյունքում տնտեսության մեջ ստեղծվում է հսկայական պահանջարկ, որը ուղղվում է կոնկրետ նեղ ոլորտների:

Երկրորդը ՌԴ-ում աշխատաշուկայի  իրավիճակն է, այսինքն կա հսկայական պահանջարկ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ, որը ոչ թե համալրվում է ադեկվատ առաջարկով, այլ արտացոլվում է աշխատավարձերի բարձրացման մեջ:

Այս երկու ֆենոմենով պայմանավորված Ռուսաստանի ԿԲ-ն ստիպված փորձում է տոկոսադրույքը բարձրացնելու միջոցով զսպել այդ պահանջարկը: Արդեն երկրորդ անգամ նրանք մեկ տոկոսային  կետով բարձրացրեցին, հիմա 21 տոկոս է: Բայց նաեւ նշվեց, որ սա կարող է չլինել ավարտը եւ անհրաժեշտություն լինի գնաճը զսպելու, ԿԲ-ն պատրաստ կլին նոր քայլերի»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մեր հայրենակիցների համար, ԿԲ նախագահը պատասխանեց. «Մեկը կարող է լինել ազգային արժույթի արժեզրկումը, բայց դրան զուգահեռ, եթե իրական փոխարժեքից ենք խոսում, մենք հասկանում ենք, որ եթե հայ արտահանողներին այդ գնաճային ֆոնի ներքո հնարավորություն ընձեռնվի իրենց գները ճշգրտել վերեւի ուղղությամբ, օրինակ դուք արտահանում եք ջուր, որն այսօր արժի 10 ռուբլի, իսկ քանի որ այնտեղ գնաճ է, ջուրը վաղը կարժենա 12 ռուբլի: Արդյոք հայ արտադրողները կկարողանան այդ գինը փոխանցել ռուսական սպառողին, այդ հարց է, որ դեռ պետք է նայել: Այստեղ գնաճը մեր օգտին է՝ արտահանման տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է նմրան, թե ինչ կլինի մարդկանց գնողունակ պահանջարկի հետ կապված, ԿԲ նախագահը նկատեց. «Ես կարծում եմ՝ աշխատաշուկայում այդ շատ նեղ իրավիճակը երեւի թե ավելի կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կարող է ստեղծել հնարավորություններ, որ մերոնք, որոնք հիմնականում զբաղված են ծառայությունների, շինարարության ոլորտներում, որոշակի փոխհատուցում ստանան այդ եղանակով»: