
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է: Այդ մասին ուղերձով ժողովրդին դիմելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:
«ԱՄՆ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ ԱԳ նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հարապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը: Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հռչակագիրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաև նախագահ Թրամփը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված:
«Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով:
Այդ ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ ՀՀ-ի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ուշադրություն դարձրեք՝ ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»,- նշեց Փաշինյանը: