Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հ...

Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ՀՀ-ն ապաշրջափակվում է. մի արդյունք, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարող էր համարվել ոչ հեռավոր անցյալում: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն` ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը ևս մեզ համար, ըստ էության, անծանոթ երևույթ է: Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը. տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն: Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ճանապարհների բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանը: Իսկ սահմանն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ: Այլ բան, որ դեռևս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանահատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել, և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա: Իսկ արդյո՞ք սա մեզ համար նոր մտավախությունների դուռ չի բացում. միանշանակ ո՛չ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում արձանագրվել է նաև փոխադարձության սկզբունքը, և սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ:

Այդ հուշագրում արձանագրվում է ԱՄՆ հետաքրքրությունը ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ և դրանում ներդրումների անելու ԱՄՆ ցանկությունը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակներում:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այդ հուշագրից է բխում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում և դերի հետագա բարձրացում է խոստանում ՀՀ-ին: Այդ ծրագրի իրագործման արդյունքում մեր երկրի տարածքով կանցնեն միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր: Այս ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր մասերից մեկն է դառնում: 

Հայաստանը այս ամենով դառնում է Խաղաղության խաչմերուկ:

Ես ուրախ եմ, որ մի շարք տարածաշրջանային գործընկերների մտավախություններն այս ծրագրի վերաբերյալ այլևս փարատված են: Չնայած մենք կշարունակենք աշխատել նրանց հետ գործընկերության և թափանցիկության մթնոլորտում»,- նշեց վարչապետը: