ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ն...

Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց ստորև ներկայացված հայտարարությունը.  

«2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք.  Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

Այսպես, Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ  ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց անցել է 4․5 տարի, սակայն մինչ այսօր մեր Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։

Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերընշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված  վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը  փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով:

Համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է հեռարձակման պետության տարածքում ազգային տոների և հիշատակի օրերի կանոնների հարգում։ Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը արգելվում է։ Այս դրույթը ևս խախտվել է  պայմանագրի կնքումից ի վեր։

Թվարկած այս և բազմաթիվ այլ պատճառներով է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց»  հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուց դարձել է լայն հասարակության քննարկման առարկա։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին շարունակում են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետության հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա։

Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ  հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար և հետևողականորեն դիմել է ՀՀ Կառավարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ներկայացնելով արձանագրված  խախտումները։  Առաջարկել ենք համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ուղղված օտարերկրյա հեռարձակողների նկատմամբ կարգավորող մարմնի վերահսկողական լիազորությունները լիարժեք իրականացնելուն, ինչպես նաև կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ազգային Ժողով ներկայացվող ՀՌՀ տարեկան հաղորդումներում նույնպես բարձրաձայնել ենք այս խնդիրը: Կառուցողական երկխոսության միջոցով փորձել ենք լուծել հակասությունները ՌԴ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:

Սակայն պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում  ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։

Հանձնաժողովը վերահաստատում է իր դիրքորոշումը․ հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը»։