Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կ...

Մենք շատ ենք բաժանված, մեկն ընդդիմադիր է, մեկը իշխանական է, մեկն արեւմտամետ է, մեկը ռուսամետ է, մեկը՝ պահպանողական, մեկը՝ ազատական. այս ամենը նրա համար է, որ մեզ հեշտ կառավարեն. մեզ դրա համար են բաժանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

«Միակ բաժանումը, որ պետք է լինի մեր մեջ, հետեւյալն է. մենք պետք է լինենք կառուցո՞ղ, թէ՞ քանդող։ Քանդողների փոքր խումբը ամեն կողմից էլ կարող է լինել, թե իշխանությունից, թե ընդդիմությունից, տարբեր ուղղություններից։ Մենք պետք է ուղղակի հաղթահարենք իրար դեմ գնալու, իրար մեջ խնդիր տեսնելու ձգտումը։ Այս հակադրությամբ են մեզ այսօր կառավարում օտար ուժերը։ Քանդողը նա է, ով միայն տեսնում է ուրիշների թերությունները, իսկ կառուցողները այն մարդիկ են, որոնք դիմացինի մեջ լավն են տեսնում։ Այն 80 տոկոս լավը հիմք է, որ կառուցենք նորմալ զարգացող հասարակություն։ Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է։ Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,–ասաց նա։

Նշենք, որ Երեւանում՝ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկելու՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։

Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։

Երթից առաջ, կազմակերպիչներից Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ հավանականություն կա, որ ներարկված սադրիչներ կլինեն, որոնք հնարավոր է լինեն ագրեսիվ կամ ոչ սթափ. պետք չի ուշադրություն դարձնել նրանց. «Մեր մեջ կան կարգադրիչներ, որոնց թեւին ամրացված է սպիտակ թեւկապ. եթե կլինեն սադրիչներ, անմիջապես հայտնեք կարգադրիչներին կամ ոստիկաններին»։ Նա նաեւ կոչ արեց հակադրության մեջ չմտնել ոստիկանների հետ, քանի որ նրանք իրենց ծառայությունն են կատարում: