Եթե չկա կոչ, ո՞նց կարող է լինի կոչի մասին մեղ...

Մենք ականատես ենք լինում իրավական տեռորի և աբսուրդի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«2025–ի հունիսի 17–ին անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տալիս է հարցազրույց, որտեղ հայտնում է այն, ինչը ձեզնից յուրաքանչյուրը կիսում է։ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայ առաքելական մեր սուրբ եկեղեցուն միջամտելը անթույլատրելի է, ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձեւով։ Այս հարցազրույցի մեջ կոչ չկա, բայց ժամեր անց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար։ Հիմ ստացվում է, որ մենք բոլորս, որ ասում ենք՝ եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանությունը զավթելու։ Բա սա աբսուրդ չի՞։
Եթե չկա կոչ, ո՞նց կարող է լինի կոչի մասին մեղադրանք։ Այսինքն ընդհանրապես գործ չկա։ Ապօրինի մեղադրանքով չբավարարվեցին, որոշվել էր, որ Սամվել Կարապետյանը պետք է նաեւ կալանավորվի։ հրահանգը կար, քաղաքական հետապնդման մեկնարկը կար, որը կատարվել է։ Իրականում, իրավունքը, օրենքը սրա մասին չէ։

Այս գործը ոչ բխում է օրենքից, ոչ իրավունքից, ոչ որեւէ փաստական տվյալից։ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանքի մեջ է։ Մեր կողմից  ներկայացվում է վերաքննիչ բողոք, որը «պատահաբար» մակագրվում է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորին։ Բա սա պատահականությո՞ւն է։ Այսօր դատարանը պետք է որոշում կայացնել, բայց մենք գիտեինք, որ սա այս իրավական աբսուրդի մի մասն է։ Ամեն աբսուրդ, որ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ։ Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ հիշողությունը, փաստերը մնայուն են»,–ասաց նա։

Վարդեւանյանի խոսքով, իրավունքի պաշտպանությունը բարդ ճանապարհ է, բայց միշտ գերակայում է իրավունքը։ «Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար այս հետապնդումը ունենալու է հստակ վերջ, արդարությունը հաղթելու է, մենք էլ դրա համար  պայքարելու ենք։ Պայքարելու ենք մեր ձեւով»,իր խոսքն ամփոփեց փաստաբանը։ 

Նշենք, որ Երեւանում՝ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկում՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։

Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։

Երթից առաջ, կազմակերպիչներից Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ հավանականություն կա, որ ներարկված սադրիչներ կլինեն, որոնք հնարավոր է լինեն ագրեսիվ կամ ոչ սթափ. պետք չի ուշադրություն դարձնել նրանց. «Մեր մեջ կան կարգադրիչներ, որոնց թեւին ամրացված է սպիտակ թեւկապ. եթե կլինեն սադրիչներ, անմիջապես հայտնեք կարգադրիչներին կամ ոստիկաններին»։ Նա նաեւ կոչն արեց հակադրության մեջ չմտնել ոստիկանների հետ, քանի որ նրանք իրենց ծառայությունն են կատարում։