
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն ու փոխնախագահ Ծովինար Կոստանյանը Երևանի քաղաքապետարանի առջև լրագրողներին են ներկայացնում այն նամակի պատասխանը, որը մեկ ամիս առաջ վերջիններս ուղարկել էին քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Առաջին հերթին պետք է ասեմ, որ քաղաքապետարանը մեր հարցերի պատասխանները հստակ չի տվել: Մենք ուղղել էինք կոնկրետ հարց, թե ինչու չկա երկրորդ օպերատոր, որովհետև քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետը խոստացել էր, որ պետք է լինի երկրորդ օպերատոր: Այսքան ժամանակ է անցել, և որևէ գործընթաց չի սկսվել, իսկ մեկ տարին բավականին ժամանակ է, որպեսզի գոնե մեկնարկը տրվեր»,-նշեց Արման Ղուկասյանը:
Վերջինս նաև հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը բազմիցս մեղադրել է «Սանիթեք»-ին, որ պայմանագրում նշված մետաղյա աղբամանների փոխարեն տեղադրել է պլստիկից աղբամաններ, և այժմ Երևանի քաղաքապետարանը նույնպես ձեռք է բերել պլաստիկից աղբամաններ.
«Մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ, երբ քաղաքապետարանն ասում է, որ «Սանիթեքը» խախտել է կետ, բայց բնակիչների հարկերի հաշվին անում է նույն բանը»:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահը նաև խնդրահարույց է համարում, որ Երևանի քաղաքապետարանը մինչ օրս չի հրապարակում «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագիրը և քայլեր չի ձեռնարկում՝ այն լուծարելու համար: