
Hürriyet Իսրայելը ծրագրեր է մշակում Սիրիայում քաղաքացիական պատերազմը վերսկսելու և Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ–Շարաային տապալելու համար. այս պնդումը ներկայացրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Թերթը նշում է, որ թուրքական հետախուզությունը նախկինում կանխել էր ալ–Շարաայի դեմ մահափորձը։ «Իսրայելը ցանկանում է անկայունացնել Սիրիան: Ձգտում է վերսկսել քաղաքացիական պատերազմը՝ Ահմեդ ալ–Շարաային տապալելու նպատակով», – գրում է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Նրա կարծիքով՝ Իսրայելը գոհ չէ հարևան Սիրիայի վրա Թուրքիայի ազդեցությունից: «Եթե Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերը կարողանան զինաթափվել, Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում կաճի: Ահա թե ինչու է Իսրայելը սադրում դրուզներին հարավում։ Նրան պետք չէ Թուրքիան, որը արդյունավետորեն գործում է Սիրիայում և Լիբանանում: Այն ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել և Թուրքիային դուրս մղել Սիրիայից», – նշում է լրագրողը։