Գուցե իր համար երազանք է եղել, որ ես իր ենթակ...

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա այդպիսի բան, որի համար ես փոշմանած լինեմ կամ անօրինական գործարք, ինչ-որ բան արած լինեմ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21–ին, ՀԷՑ–ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Հարցին՝ եթե այդ աուդիտը լինի, չարաշահումների հետ կապված բացահայտումներ չեն լինելո՞ւ , նա պատասխանեց. «Ես որպես իրացման տնօրեն անընդհատ բացահայտել եմ իմ աշխատակիցների հետ միասին չարաշահումներ։ Կարող եք արդեն նոր կառավարչին դիմել, վերջին 10 տարվա ընթացքում ինչքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից։

Հավատացած եղեք, 10 տարի գոնե այդ չարաշահումները իմ մասով 100%-ով ասեմ, մնացածն էլ համոզված եմ իրենք կասեն, կանխվել են, որի արդյունքը ունենք այսօր։ Էլեկտրաէներգիայի կորստի տոկոսը մոտավորապես 13%-ից այսօր 6,5% է»։

Հարցին՝ բացառու՞մ է, որ բացահայտվի, որ մի քանի ընկերություններ են ստեղծվել, որոնք ՀԷՑ–ի հետ են համագործակցել, մրցույթներ են շահել և այլն, նա ասաց. «Կարծում եմ ոչ, բայց այստեղ մեծ ընկերությունում ես այլ ոլորտ եմ սպասարկել։ Կարծում եմ ոչ, բայց հաշվի առնելով, որ տեղյակ չեմ, չեմ եղել դրա մեջ, բա որ պարզվի մի ընկերություն ինչ-որ իր սեփական նախաձեռնությամբ  ավել գին է տվել կամ չգիտեմ, այլ բան է արել, խնդրեմ թող պատասխան տան, ի՞նչ պրոբլեմ կա»։

Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե ինքն է կայացնելու որոշումները, մինչդեռ ՀԷՑ–ն ունի տնօրենների խորհուրդ, Դավիթ Ղազինյանն ասաց. «Ես չեմ զարմանում, որ շատ բան չի հասկանում պարոն Պետրոսյանը, գոնե իրավաբանորեն՝  հաշվի առնելով, որ ինքը իրավաբան չի։ Բայց գոնե կողքից իրավաբանները կարող են խորհուրդ տալ։ Այնտեղ նաեւ ասվեց, որ հանձնաժողովի (ՀԾԿՀ–խմբ) նախագահի բացված վարույթում ինչ–որ բաներ են արդեն պարզվել։ Ձեզ ասեմ ուղիղ՝ վարույթը բացվել է և մինչև վարույթի ավարտը որևիցե մեկը որևիցե հայտարարություն անելու ուղղակի իրավունք չունի, այն էլ առաջին օրը։ Վարույթը բացվել է, ես անձամբ կարդացել եմ, կարծում եմ կունենանք առիթ վարույթի 9 կետերի մասին առանձին խոսելու։ Իրենցից շատ վատ բաներ է սպասելի, բայց այդ մանիպուլյացիաները, այդ թվերը մեծացնելով, գեղեցկացնելով մեր հասարակությանը շեղում են հերթական անգամ։ Այս պահին կարող եմ միանշանակ ասել, որ հանձնաժողովը անկախ չի։ Կառավարիչը գալիս է այստեղ, հանձնաժողովի նախագահի հաստատ ապօրինի տրված լիազորության հիման վրա բացված վարույթը արդեն համարվում է փակված, համարվում է Ղազինյանը վստահություն չունի։ Եկեք փողոցով շրջենք, տեսնենք՝ ով վստահություն ունի։ Վարույթը բացվել էր, պետք է ուսումնասիրել, վարույթին ժամկետ կա, եթե չեմ սխալվում, երեք ամիս։ Կառավարիչը իրավունք չունի ոչ մի բան խոսելու, վարույթը բացում է հանձնաժողովը, իրեն որպես աշխատող ներգրավել է։ Այստեղ ասել՝ Ղազինյանն իմ ենթական է... կարող է ինչ-որ երազանք է եղել մի ինչ-որ պահ ինձ իրեն աշխատող համարել, ես ինձ իրեն ենթական չեմ համարում։

Ինձ հեռացնելը շատ մանր արարք է՝ հաշվի առնելով ինչեր են եղել։ Ոչ մի բան չեմ բացառում, վաղը մի գործ կարեն, մի ինչ-որ ձևով ինձ էլ տանեն։ Չեմ բացառում, չեմ վախենում, մինչև վերջ կանգնած եմ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակելու համար։ Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։ Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Նույնը նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ: