
Եկեղեցու դեմ ջիհադ հայտարարած՝ իր հրապարակային խոսքում եկեղեցու և ներհայաստանյան գործընթացների մասին որպես անհաղթ հերոսի, վիշապ խեղդողի, առյուծ ճղողի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում կամ մկան ծակը հազար լիրայով է առնում, երբ խոսք է գնում Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հնչեցված գոնե ստորացումներին ու վիրավորանքներին պատասխանելու մասին։ Օրերս օկուպացված Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահը պատասխանում էր արտասահմանյան լրագրողների հարցերին։ Երբ հնչեց հարց Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի մասին, Ալիևն իրեն պահեց շատ անբարտավան։ Փաշինյանի մասին խոսեց ծաղրով ու քամահրանքով։ Փաշինյանն, իհարկե, որպես անհատ, վաստակել է նման արհամարհանք, բայց նա այժմ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, և ինչպես ինքը կասեր՝ դա ոչ թե ծաղր էր Նիկոլ Փաշինյան անձի, այլ Նիկոլ Փաշինյան վարչապետի՝ Հայաստանի վարչապետի նկատմամբ։ Եթե անգամ Նիկոլ Փաշինյան անձը սովոր է ծաղրի, հեգնանքի ու վիրավորանքի, ապա, որպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, ինքը չպետք է հանդուրժի դա։ Խոսքը ամենևին այն մասին չէ, թե պետք էր պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Ո՛չ։ Խոսքն այն է, որ անգամ ամենածանր վիճակում պետք է արժանապատվությունը պահել։ Այդպես է ընդունված Արևելքում, իսկ մենք, որքան էլ ոմանք չցանկանան, Արևելքում ենք։ Ամեն անգամ Ալիևի նման անբարտավան պահվածքից ու Փաշինյանի ստորացած, վախեցած վարքագծից հարց է առաջանում՝ ուր է տանում հայ ժողովրդին, եթե անգամ ոչ դավաճան (մեզ համար այստեղ «եթե» չկա), ապա հաստատ ստորացված ու վախվորած Փաշինյանը։ Հաստատ է՝ լավ տեղ նման մարդու ղեկավարմամբ դժվար լինի գնալ։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի ստորացում ու ոչնչացում։ Երբ երկրի ղեկավարը շարունակում է լռել թշնամու բացահայտ վիրավորանքների առաջ, այդ լռությունը դառնում է ոչ թե դիվանագիտական զսպվածություն, այլ քաղաքական կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ոչ թե պարզապես անհատի արժանապատվության խնդիր է, այլ ամբողջ պետականության խեղում։ Եվ որքան երկար այս վարքագիծը շարունակի բնորոշել Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, այնքան մոտ ենք արժանապատվության կորստով սկսվող, բայց պետականության կորստով ավարտվող աղետին։