
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի, որ այն կանցնի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես կա ամուր հիմք, երկու երկրների միջև կա շահերի համընկնում, կա փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Սակայն երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվարին շրջաններ են լինում։ Հիմա այդպիսի շրջաններից մեկն է: Մենք հույս ունենք, որ այս շրջանը կանցնի: Երկու երկրների միջև համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում հետապնդվում են միայն ադրբեջանական սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք խախտում են օրենքը։
Նրա նաև հավելել է՝ Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռներին, եթե Ադրբեջանը միջազգային դատարաններում հայց ներկայացնի Ռուսաստանի դեմ՝ Ակտաուի մոտակայքում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման առնչությամբ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատարաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մոտակայքում AZAL ինքնաթիռի կործանման գործով։
«Քննչական գործողություններ են ընթանում, հետաքննությունը շարունակվում է։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական դատավճիռներին», - ասել է Պեսկովը։