Երեկ «Սպայկա» ընկերությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում Հայաստանի շուրջ 80 համայնքերում:
Politik.am-ը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի մեկնաբանությունն է լսել, թե խոշոր ընկերության մթերման դադարեցումն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության վրա:
Ըստ գյուղատնտեսի՝ այն, որ օրենքը բոլորի համար նույնը պետք է լինի, միանշանակ է, բայց թե «Սպայկա»-ի կողմից գյուղմթերքի մթերման դադարեցումը ինչի կհանգեցնի, ցույց կտա միայն ժամանակը.«Մինչև հունիս ժամանակ ունենք: Ամեն րոպե մի բան փոխվում է. մեկ ասում էին՝ հարկեր չեն տվել, մեկ ասում են՝ հարկերը տվել են: Կհասկանանք՝ ով էր մեղավոր»:
Բերբերյանը կարծում է՝ «Սպայկա»-ն իր դերն ունեցել է, ունի և կունենա Հայաստանի գյուղատնտեսության մեջ, բայց պետք է ամեն ինչ անել, որ «Սպայկա»-ի նման մի քանի կազմակերպություններ լինեն՝ մրցակցություն ապահովելու համար:
Գյուղատնտեսին, սակայն, մի բան դուր չի գալիս.«Շատ հաճախ փորձում են որևէ տնտեսվարողի «հարցերը շատ արագ լուծել», որը ազատ բիզնեսում ամենավատ բանն է: Բայց մի կողմից էլ՝ մենք այնպիսի ժամանակաշրջանում ենք, որ միգուցե սա է ճիշտ: Ամեն դեպքում, ինչ արվում է, պետք է այնպես արվի, որ տնտեսությունը զարգանա, ոչ թե հակառակը»: