Փորձի փոխանակում «РОСДОРНИИ» գիտահետազոտական...

Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, կազմակերպության այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանում գտնվող ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության անդամների հետ։Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

«Վերջիններս Հայաստանում են գտնվում մեր երկրի ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների հետ փորձի փոխանակման, հետագա համագործակցության ամրապնդման, ճանապարհաշինության բնագավառում հայաստանյան փորձի ուսումնասիրման նպատակով։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող և գրեթե կես դարյա պատմություն ունեցող «РОСДОРНИИ»-ն տրանսպորտի ոլորտի զարգացման գիտահետազոտական կենտրոն է, որի գործունեությունը ներառում է տրանսպորտային պլանավորմանը, ավտոճանապարհների զարգացմանը, շինարարական-տեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նախագծմանը, շինվերահսկողությանը, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված և բազմաթիվ այլ ոլորտներ։

«РОСДОРНИИ»-ի ներկայացուցիչ Վիկտոր Օստրիկովը հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, նպատակներն ու գործունեության ուղղությունները։ Հատուկ անդրադարձ եղավ ճանապարհաշինության ոլորտում «РОСДОРНИИ»-ի կողմից ճանապարհային տնտեսության թվայնացման գործընթացին, նորմատիվային բազաների մշակման, շինարարության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման և այլ թեմաների։

Ռուսական կողմի խնդրանքով Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենն ու աշխատակիցները մանրամասն ներկայացրին շինարարական վերահսկողությանն առնչվող հայկական փորձը։ Առանձին անդրադարձ եղավ պետական բյուջեի և վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի վերահսկողության առանձնահատկություններին։

Առաջիկա օրերին ռուս պատվիրակները կշարունակեն ճանապարհաշինության ոլորտի մասնագետների հետ հանդիպումներն ու քննարկումները։ Նրանք կայցելեն նաև շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։