Ինչպես են «դուրս գրվում» ժողովուրդներն ու պետ...
Ինչպես են «դուրս գրվում» ժողովուրդներն ու պետությունները. Զելենսկու դասերը
---------------
Գերհզոր պետության նախագահ Դոնալդ Թրամփը և գերհարուստ Իլոն Մասկը կարծում են, որ Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայի նախագահի պաշտոնից։ Թե ինչու են հիմա այդպիսի հայտարարություններ անում նրանք, արդյո՞ք դա կապ ունի ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հետ, և արդյո՞ք դա արվում է ԱՄՆ ներքաղաքական զարգացումների ենթատեքստում՝ արդեն էական չէ։
Էականն այն է, որ Ուկրաինան աշխարհաքաղաքական հակադրությունների արանքում դրած Զելենսկուն, օգտագործելուց հետո, ուզում են «դուրս գրել»։
Միշտ էլ այդպես է եղել. երբ որևէ երկրի ղեկավար հանուն իր աթոռային շահերի կամ այլոց խաղերի իր սեփական ժողովրդին է «դուրս գրում», պետք չէ զարմանալ ու զայրանալ, որ ուրիշներն առավել ևս «դուրս կգրեն» քեզ ու քո ղեկավարած պետությունն ու ժողովրդին։
Ինչպես ասում են՝ just business։
Եթե Զելենսկին պատրաստ է հանուն իր իշխանության և հանուն իր թալանի իրավունքի թշնամանալ Ռուսաստանի հետ և ուրիշների շահերի սպասարկման համար կռվել մինչև վերջին ուկրաինացին, ապա ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առանց աչք թարթելու դա կանեն, ու հենց իրենց շահը պահանջի՝ անմիջապես կմոռանան Ուկրաինային ու կհանձնեն այն, ինչպես որ իրենց շահերից ելնելով՝ Արցախը քաղաքացի Նիկոլ Փ.-ի ձեռքերով հանձնեցին Ադրբեջանին։
Զելենսկու օրինակը պետք է դաս լինի բոլորի և, առաջին հերթին, մեզ համար։ Մենք պետք է զերծ մնանք հզորների բախման կիզակետում հայտնվելուց։
«ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» երկընտրանքը կեղծ է։ Այդ երկընտրանքի արանքում մենք կորցնում ենք ԵԱՏՄ շուկան ու չենք գտնում ԵՄ-ի շուկան՝ չհաշված անվտանգային խնդիրները, որոնք առաջանում են այդ կեղծ երկընտրանքի դաշտում հայտնվելիս։
Այնպես որ, Թրամփն ու Մասկը շատ անկեղծ են. նրանց պետք է շնորհակալ լինել, որ բաց դասեր են տալիս աշխարհի այն ժողովուրդներին ու պետություններին, որոնք տառապում են իրենց ղեկավարների անգրագետ և անհեռատես քաղաքականության պատճառով։
Թրամփն ու Մասկը, ի տարբերություն Ուրսուլաների ու Մակրոնների, շատ բաց տեքստով են այլոց ժողովուրդներին դիմում. երբ տեսնում են, որ չեն հասկանում, ուղիղ խոսք են կիրառում։
Տվյալ դեպքում ուղիղ խոսքը Զելենսկուն ասացին, մյուսները թող հետևություններ անեն։
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 19.10.2026թ.
-------
Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները