
«Վարչակազմ է փոխվել, ժամկետների առումով պետք է հաշվի առնել, որ փոխվել է ամբողջ ադմինիստրացիան», - խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստան ամերիկյան պատվիրակության այցին։
Բայդենի պաշտոնավարման ավարտից մի շաբաթ առաջ՝ հունվարի 14-ին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Այդ օրը ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց. - «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մաքսային և սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման ուղղությամբ»։
Հայտարարությունից գրեթե երկու ամիս է անցել, սակայն խումբը Հայաստան չի ժամանել։
Լրագրողներին հարցին, թե այդ պայմանավորվածությունները չեղարկվե՞լ են, Հովհաննիսյանն այսօր պատասխանեց․ - «Ամենևին, շարունակվում են, բայց ժամկետային առումով հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացին»։
Փորձագիտական տարբեր շրջանակներ պնդում են, թե Հայաստանի և Նահանգների միջև այս հունվարին ստորագրված կանոնադրությունը կարող է կյանքի չկոչվել ԱՄՆ նոր վարչակազմի կողմից։
Փետրվարի կեսերին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինչքան ԱՄՆ նախորդ վարչակազմն է մասնակցել ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել։ «Նոր վարչակազմը եթե չուզենար, նախորդ վարչակազմը ... իրենց մոտ քաղաքական կուլտուրան դա է», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նշելով, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է աշխատելու Նահանգների նոր վարչակազմի հետ։
Միրզոյանը նաև կանոնադրությունից որոշ մանարմասներ փոխանցեց՝ նշելով, որ այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։