
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց ամիսներ անց ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը անձնական բուռն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում Բայդենն ափերից դուրս է եկել և կոչ արել Ուկրաինային «մի քիչ ավելի երախտագիտություն ցուցաբերել» ԱՄՆ-ի նկատմամբ նրա աջակցության համար, գրում է Fox News-ը՝ որպես օրինակ բերելով 2022 թվականի NBC News-ի հոդվածը:
«Բայդենը հազիվ էր ավարտել Զելենսկիին պատմել, որ հենց նոր ևս 1 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, երբ Զելենսկին սկսել է թվարկել ամբողջ լրացուցիչ օգնությունը, որ իրեն անհրաժեշտ է և չի ստացել», - ասվում է NBC-ի հոդվածում, որը հրապարակվել է 2022 թ․-ի նոյեմբերին, որը պատմում է 2022 թվականի հունիսին Բայդենի և Զելենսկիի հեռախոսազրույցի մասին:
«Բայդենը կորցրել էր ինքնատիրապետումը», - ասել են հեռախոսազանգին ծանոթ մարդիկ: «Ամերիկյան ժողովուրդը բավականին առատաձեռն է եղել, և նրա վարչակազմը և ամերիկյան զինվորականները քրտնաջան աշխատել են Ուկրաինային օգնելու համար,- ասել է Բայդենը՝ ձայնը բարձրացնելով,- և Զելենսկին կարող էր մի փոքր ավելի երախտագիտություն ցուցաբերել»:
Հաղորդվում է, որ լարված հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց մի քանի ամիս անց: Սակայն երկու առաջնորդների միջև հարաբերությունները «միայն բարելավվել են» հեռախոսազրույցից հետո, այն ժամանակ NBC-ին էին հայտնել Բայդենի վարչակազմի պաշտոնյաները:
NBC News-ի այս հոդվածը հայտնի դարձավ հանգստյան օրերին՝ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Զելենսկիի միջև թեժ վեճից հետո: