Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա. Թ...

Վաշինգտոնը պնդում է, որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Վալցի խոսքերով, այս հակամարտությանը «պետք է վերջ դրվի, և դա կպահանջի տարածքային զիջումներ»։ Դրա դիմաց Ռուսաստանը, ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի, պետք է Ուկրաինային ապահովի անվտանգության երաշխիքներ, սակայն այս գործընթացում առաջատար դերը պետք է պատկանի ԱՄՆ եվրոպացի դաշնակիցներին, գրում է Bild-ը։

Չնայած Սպիտակ տանը վերջին սկանդալին՝ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դեռ պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ՝ օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։

«Ինչ էլ որ լինեն հանգամանքները, մեր քաղաքականությունը կառուցողական մնալն է»,- ընդգծել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Գործարքը պետք է կնքվեր ուրբաթ օրը, սակայն տեսախցիկների առաջ Զելենսկու և Թրամփի լարված հանդիպումից հետո բանակցությունները ձախողվեցին։

Մինչդեռ Դոնալդ Թրամփը հերքել է Ռուսաստանի հետ մերձեցման մեղադրանքները՝ Պուտինի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ մտահոգություններն անվանելով «ուռճացված»։

«Մենք պետք է ավելի քիչ անհանգստանանք Պուտինի և ավելի շատ միգրանտների, նարկոբարոնների, մարդասպանների և հոգեբուժարանների մարդկանց համար, ովքեր ներթափանցում են մեր երկիր», - գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում: