
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից հետո երկրի առջև մի շարք խնդիրներ են ծառացել, որոնցից մեկը պարենային անվտանգության խնդիրն է: Ըստ նրա՝ մենք ականատես եղանք, որ պատերազմի ժամանակ սահմանների փակման, անանցանելիության դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ և այս խնդիրների պարագայում գարնանը գյուղացուն պետք է գալու պետության աջակցությունը՝ սուբսիդացման ծրագրերով. պարարտանյութ, դիզվառելիք:
Եղիազարյանը հիշեցրեց, որ նախկինում նման առաջարկներ, ծրագրեր բազմիցս եղել են, սակայն Կառավարությունն այս ծրագրերին բացասական է մոտեցել. «Ուզում եմ հասկանալ, թե ձեզ մոտ փոխվել է դիրքորոշումն այս առումով և եթե փոխվել, ապա ինչ դիրքորոշում ունեք այս պահին գյուղատնտեսությանն աջակցելու և պարենային անվտանգության ապահովման գործընթացները ֆինանսավորելու վերաբերյալ»:
Պատգամավորի հարցին պատասխանեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ այսօր էլ վարչապետի հետ հանդիպում են ունեցել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված հարցերով: «Պետք է շատ ակտիվորեն աջակցենք գյուղատնտեսությանը: Փոքր հղկումներով շարունակելու ենք այն գյուղատնտեսական ծրագրերը, որոնք անցած տարի աշխատել են, նաև ընդլայնելու ենք գործիքակազմը, որպեսզի խթանենք խոշոր գյուղատնտեսությանը»: