
«Եթե դա պետք է օգնի հանցագործությունների բացահայտմանը, ապա ինքս խնդիր չեմ տեսնում և նախագիծը կարելի է կիրառել: Մենք շատ կարևոր իրավունքներ ունենք, որոնք կոպտորոն խախտվում են: Այս դեպքում աղմուկ բարձրացնելը կարծում եմ տեղին չէ: Կենտրոնական բանկը վերահսկում է մեր փոխանցումները, հաշիվներում ունեցած տվյալները: Այսինքն՝ այն տվյալները, որոնք որոշ կառույցների կողմից վերահսկվում են, հիմա էլ թող ինչ-որ բան քննչական մարմիններին հասանելի լինի: Այստեղ դժվար թե իրավաբանական խնդիր ունենանք: Իրավունքը կարող է սահմանափակվել, կամ այդ տեղեկությունը կարող է հասանելի լինել, եթե դա կարևոր է պետական անվտանգության և հանցագործությունների կանխարգելման համար»,- Politik.am-ի հետ զրույցում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության ընդունած նախագիծով Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն:
«Մենք ունենք օրենսդրություն՝ անձնական տվյալների պաշտպանության, գաղտնալսումների և այլ բաների հետ կապված, որը մեզ իհարկե թույլ է տալիս ունենալ անձնական կյանքի գաղտնիություն, սակայն շատ դեպքերում քննչական մարմինները հանգիստ կարողանում են խախտել այդ գաղտնիությունը:
Մարդիկ անգամ գաղափար չեն ունենում, որ օրինակ՝ իրենց գաղտնալսում են, իրենց մասին տվյալներ են հավաքում: Եթե անձը կասկածվում է պատական անվտանգության հանցագործության մեջ, ապա կարող են մեզ գաղտնալսել, և մենք էլ տեղյակ չենք լինում, որ մեզ գաղտալսել են ուրիշ անձի կատարած հանցագործության հետ կապված»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով փաստացի տվյալներին՝ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ շատ մարմինների համար ցանկացած տվյալ հասանելի է: Օրինակ ԱԱԾ-ը ունի բոլոր տվյալները, որոնք ստանալու համար նրանք դատարաններին չեն դիմում:
«Եթե որևէ մեկին թվում է, որ ԱԱԾ քննիչը 2 րոպեում չի կարող իմանալ ինչ-որ մեկի բանկային տվյալները՝ առանց դատարան դիմելու, ապա նա չարաչար սխալվում է, քանի որ ԱԱԾ-ին հասանելի են այս բոլոր տվյալները, չնայած՝ անօրինական:
Սա իհարկե չի բացահայտվում: Իմ վստահորդների հետ կապված բազմաթիվ դատական վեճերն ենք ունեցել, որպեսզի այն տեղեկությունները, որոնք Ազգային անվտանգության ծառայության կամ ոստիկանության մարմինները հավաքել են, հասանելի լինեն մեզ, սակայն հնարավոր չի եղել»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ եթե անգամ փորձենք գնալ եվրոպական դատարան, մինշանակ չէ, որ եվրոպական դատարանը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալը դիտելու է անձնական տվյալների խախտում: Այս դեպում պետությունն ավելի լայն լիազորություններ ունի իր՝ հանցագործություների կանխարգելիչ գործողություններն իրականացնելու համար: