««Փաստի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի
«Ցանկացած գործունեության, հատկապես պետական կառավարման մեջ, արդյունքի հասնում են փորձառուները,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սեյրան Օհանյանը:- Փորձառությունն է բերում նրան, որ մարդիկ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները, ունակություններն օգտագործել երկրի կառավարման համար»: Անդրադառնալով իր քաղաքական կողմնորոշմանը, այն է՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրությունների գնալու թեմային՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Առաջին հերթին «Հայաստան» դաշինքի կողքին եմ, որովհետև դաշինքի ղեկավարը ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում ղեկավարության ժամանակ Արցախում հասել ենք հաղթանակների, սկսել ենք պետականություն կերտել, իսկ ՀՀ նրան հրավիրելուց հետո ՀՀ վարչապետի, այնուհետև նախագահի պաշտոնում նա ապահովել է մեր երկրի շարունակական զարգացումը, ամրապնդվել է պետականությունը, լուրջ հիմքեր են ստեղծվել մեր անվտանգության համակարգը ձևավորելու հարցում, զարգացել է բանակը և ամենակարևորը՝ տնտեսությունը, որը և՛ երկրի, և՛ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարևոր բաղադրիչն է: Դաշինքի կազմում է ևս երկու կուսակցություն: Դարավոր փորձ ունեցող, հայ ժողովրդին համախմբող, Հայ դատի ակունքներում կանգնած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքում ձևավորված «Վերածնվող Հայաստանը»:
Այս դաշինքը և դրան համակրող շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ կարող են հասնել հաջողությունների: Այսօրվա իշխանություններին, որոնք փորձ չունեն, մանրախնդիր են և մեր երկիրն իրենց անփորձության և անգրագետ կառավարման պատճառով տարան բոլոր հաջողությունների ձախողման և պատերազմի ու պարտության, պետք է փոխարինեն փորձառուները: Բոլոր երեք նախագահների ղեկավարության ընթացքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, արժեքներ, բանակցային լուրջ ներուժ ենք կուտակել: Արժեքները բանակն է, եկեղեցին, պետությունը, ինքնիշխանությունը, Արցախում տարած հաղթանակը: Դրան զուգահեռ ունեցել ենք շատ թերություններ: Այս իշխանություններն այդ բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի, իսկ բացթողումները, թերությունները բազմապատկեցին: Հիմա գալիս է փորձառու թիմ, որն իր ձեռքբերած արժեքներն ավելացնելու է և ամրապնդելու, նախկինում ունեցած իր, նաև ներկա իշխանության թերությունները հավասարեցնելու է մինիմումի: Լինելու է ուժեղ Հայաստան»:
Մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է



