
Քյու Դոնգյու, Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն
Նոյեմբերի 2-ից 4-ը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) անց է կացնում Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի 32-րդ նստաշրջանը, որն առցանց կհյուրընկալի Ուզբեկստանի կառավարությունը եւ որի ժամանակ ՊԳԿ անդամները հնարավորություն կունենան առավել հանգամանալից քննարկելու ագրոպարենային համակարգերի վերափոխման հնարավորությունները՝ դրանք տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում առավել դիմակայուն, կենսակայուն եւ ներառական դարձնելու նպատակով։
ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովը բաց է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ՊԳԿ բոլոր անդամների առջեւ։ Լիսաբոնից ձգվելով մինչեւ Վլադիվոստոկ եւ Հյուսիսային բեւեռային շրջանից՝ մինչեւ Կենտրոնական Ասիայի Պամիրի լեռներ, տարածաշրջանն լայնարձակ է եւ բազմազան, իսկ պարենային համակարգերը՝ զգալիորեն տարբեր։
Դեռ նույնիսկ ՔՈՎԻԴ-19 համավարակից առաջ, ագրոպարենային ապրանքների համակարգերի կենսակայունության հարցն արդեն իսկ աճող մտահոգության առարկա էր տարածաշրջանում, մասնավորապես գիրության ավելացող տեմպերի (Եվրոպայի բնակչության շուրջ 23, իսկ Կենտրոնական Ասիայի՝ 18 տոկոսը) եւ ուղեկցող ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաեւ որոշ երկրներում թերսնուցման եւ սնուցողական միկրոտարրերի անբավարարության սրընթաց աճի համատեքստում։
ՄԱԿ-ի պարենային համակարգերի 2021 թվականի գագաթնաժողովին ընդառաջ՝ Համաժողովը կկենտրոնանա Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կայուն պարենային համակարգերի եւ առողջ սննդակարգի վրա՝ որպես առանցքային թեմաներից մեկը։ Բանավեճն ուղղված կլինի սնուցման եւ կենսակայուն պարենային համակարգերի կարգավիճակի կարեւորմանը՝ նախանշելով փոխադարձ կապերը, ինչպես նաեւ առնչվող մարտահրավերները եւ հնարավորությունները տարածաշրջանում։
Համավարակի ազդեցություններն ավելի մեծ ճնշում են գործադրում սնուցման այս ընդհանուր իրավիճակի վրա։ Պարենի պակաս չի զգացվում, սակայն տնտեսական վարիվերումները եւ աշխատատեղերի կորուստները սննդարար մթերքի եւ առողջ սննդակարգի հասանելիության ավելի ու ավելի մեծ խոչընդոտներ են ստեղծում:
Պարենի մատակարարման տարածաշրջանային շղթաներն ինչպես հարկն է գործում են, բայց գլխավորապես ֆերմերների նվիրվածության շնորհիվ, ովքեր չնայած համավարակին եւ առնչվող սահմանափակումներին, վիթխարի ջանքեր են գործադրում գյուղատնտեսական մթերքների արտադրության եւ բերքահավաքի գործընթացներն անխափան պահելու ուղղությամբ։ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում բազմաթիվ փոքր գյուղացիական տնտեսվարողներ եւ ընտանեկան ֆերմերներ հայտնել են, որ գործառնական ծախսերի համար արդեն իրենց անձնական խնայողություններն են օգտագործում՝ ի հաշիվ իրենց տնային տնտեսությունների կենսապահովման: Նրանց 85 տոկոսն ընդգծել է, որ իրենց գոյատեւումը կախված է կառավարության կողմից իրենց ընթացիկ ծախսերի փոխհատուցման նպատակով տրամադրվող շարունակական աջակցությունից։
Այս համատեքստում անհրաժեշտ են պատշաճ քաղաքականություն եւ պետական-մասնավոր գործընկերություններ, որոնք կօգնեն հասցեագրել պարենային ապրանքների արտադրողների կարիքները եւ բարելավել ագրոպարենային ապրանքների համակարգերի կենսակայունությունը։ Այս ամենին առնչվող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պարենային անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանությունը եւ թվային նորարարությունը, ներառված են Տարածաշրջանային համաժողովի օրակարգային հարցերի շարքում։
Թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են արբանյակային պատկերները, հեռահար զոնդավորումը, ինչպես նաեւ շարժական եւ բլոքչեյն հավելվածները, փոքր գյուղացիական տնտեսություններին եւ սպառողներին հեղափոխական փոփոխություններ են խոստանում։ Դրանք կարող են նպաստել պարենային ապրանքների շղթաների բարելավմանը, շուկաների հասանելիության մեծացմանը, սննդամթերքի կորստի ու թափոնների նվազեցմանը, ջրի կառավարման բարելավմանը եւ վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարին, եւ սրանք բազմաթիվ օգուտներից ընդամենը մի քանիսն են։
Սակայն Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան պետք է քննարկումները սահմանափակեն միայն տարածաշրջանային հեռանկարներով։ Տարածաշրջանում առկա է անսահմանափակ գիտելիք եւ փորձ, որն անգնահատելի է ամբողջ աշխարհում կայուն զարգացման խթանման համար, իսկ եվրոպական երկրների ֆինանսական աջակցությունն Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի զարգացող երկրներին սովի ու աղքատության դեմ պայքարում հիմնարար դեր է ունեցել։
ՔՈՎԻԴ-19-ից առաջ, դեռեւս 2019 թվականին աշխարհի բնակչության գրեթե 690 միլիոնը թերսնված էին։ ՊԳԿ-ի ամենավերջին գնահատումներով՝ համավարակի հետեւանքով աշխարհի թերսնուցված մարդկանց շարքերը կհամալրվեն եւս 132 միլիոնով։ Ավելին, մոտավորապես 4.5 միլիարդ մարդ իրենց կենսապահովման եւ իրենց ընտանիքներին կերակրելու համար կախված են ագրոպարենային համակարգերից։
Համավարակն ավելի է սրել 2030 Օրակարգի ուղենիշային սկզբունքի՝ ոչ մեկին չանտեսելու կարեւորությունը։ Այսօր առավել, քան երբեւէ, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, գիտակրթական շրջանակները եւ բոլոր այլ առնչվող գործընկերները պետք է ուս-ուսի գործեն՝ իրենց առջեւ ծառացող խնդիրների դիմագրավման համար։
ՊԳԿ-ի նախաձեռնությունները կենտրոնանում են ուժեղ գործընկերությունների վրա՝ խթանելու ագրոպարենային կենսակայուն համակարգերը եւ, հիմնավորապես, վերջ դնելու սովին եւ աղքատությանը։ Մասնավոր հատվածի ներգրավմանը միտված նոր ռազմավարությամբ ՊԳԿ-ն նպատակ ունի գործակցել մասնավոր հատվածի հետ՝ նորարարության աջակցման եւ ընդլայնման, ներդրումների խրախուսման, գիտական փորձի համախմբման, Կայուն զարգացման նպատակների մոնիտորինգի համար տվյալների ձեւավորման նպատակով, հիմնվելով համօգտագործելի ռեսուրսների, ցանցերի, գիտելիքի եւ տեխնոլոգիաների վրա։
ՊԳԿ-ն սերտորեն համագործակցում է նաեւ աշխարհի խորհրդարանականների հետ՝ որպես ռազմավարական գործընկերների, բարելավելու իրավական դաշտը, ընդունելու համապատասխան քաղաքականություն, ինչպես նաեւ հանդես գալու ի շահ ռեսուրսների բաշխման, նպատակ ունենալով այդ քաղաքականությունը կյանքի կոչել պարենային եւ գյուղատնտեսության բնագավառներում։
Համավարակից առաջ ՊԳԿ-ն գործարկել էր «Ձեռք-ձեռքի» նախաձեռնությունը, որի նպատակն էր տվյալների ու տեղեկությունների վրա հիմնվելով ի մի բերել նվիրատու եւ ստացող երկրներին՝ նորարարության, ներդրումների, ինստիտուցիոնալ փոփոխության, գյուղատնտեսության վերափոխման եւ գյուղական շրջաններին կայուն զարգացման խթանման նպատակով։ Նախաձեռնությունը հիմնված է արդի տեխնոլոգիաների վրա, ինչպիսին է «Ձեռք-ձեռքի աշխարհագրատարածական հարթակը, որը որոշումների կայացման համար կարեւոր տվյալներ է տրամադրում, ինչպես նաեւ Վիճակագրական նորարարության Տվյալների լաբորատորիան, որտեղ համախմբված են ոչ ավանդական տվյալների աղբյուրներ, «մեծ» տվյալներ, արհեստական բանականություն, ինչպես նաեւ որոշումների կայացման եւ ազդեցության գնահատման նպատակով տվյալների վերլուծություն։ Նախաձեռնությանն արդեն 29 երկրներ են մասնակցում եւ նույնքան երկրներ էլ առաջիկա ամիսներին միանալու ցանկությունը են հայտնել։
Ի պատասխան համավարակին, ՊԳԿ-ն մշակեց ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման եւ վերականգնման համապարփակ եւ ամբողջական ծրագիրը՝ համաշխարհային, տարածաշրջանային եւ առանձին պետությունների մակարդակում ազդեցության հասնելու նպատակով։ Այն նախատեսված է անմիջական սոցիալ-տնտեսական ազդեցությունների մեղմման համար, միեւնույն ժամանակ ուժեղացնելով պարենային համակարգերի եւ կենսամիջոցների երկարաժամկետ դիմակայունությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության «կառուցել՝ հանուն վերափոխման» մոտեցմանը համահունչ եւ տարբեր գործընկերների սերտ համագործակցությամբ։ Եթե ցանկանում ենք ՔՈՎԻԴ-19-ից հետո վերադառնալ նախկինից ավելի լավ վիճակի եւ հասնել Կայուն զարգացման նպատակներին, ապա կազմափոխիչ փոփոխություններ պետք է կատարենք նաեւ այն մեթոդների մեջ, որով կառավարում ենք կենսաբազմազանությունը, արտադրում եւ սպառում սննդամթերքը, հարաբերակցվում բնության հետ։
Նոյեմբերի 5-ին ՊԳԿ-ն պաշտոնապես կգործարկի Պարենային կոալիցիան, որն իրենից ներկայացնում է բազմաշահառու եւ բազմոլորտային մեխանիզմ՝ ռեսուրսների, փորձի եւ նորարարության մեկտեղման նպատակով, որը կօժանդակի ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման եւ վերականգնման ծրագրին եւ Ձեռք-ձեռքի» նախաձեռնությանը։ Երկրների միջեւ երկխոսության, գիտելիքի ու փորձի փոխանակման խրախուսմամբ, ինչպես նաեւ լուծումներին միտված գործողությունների պլանի ուղղությամբ տարվող աշխատանքների միջոցով Պարենային կոալիցիան կընդլայնի մեր համատեղ գործակցությունը եւ շահերի պաշտպանությունը։ Ուրախալի է տեսնել, որ ավելի քան 40 երկիր ցանկություն է հայտնել գործուն անդամը դառնալու Պարենային կոալիցիայի, որի ստեղծման գաղափարի սաղմերն առաջին անգամ ձեւավորվեցին Իտալիայի եւ այլ հիմնական գործընկերների կողմից։
2020 թվականի ընթացքում ՊԳԿ-ն մշտապես հանդես է եկել ի շահ պարենային արժեշղթաների կենսունակության պահպանման, շեշտադրելով այն փաստը, որ միայն երկրների համագործակցության եւ ազատ առեւտրի պարագայում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը։ Այս տարածաշրջանի շատ երկրներ որոշակիորեն ջանքեր են ներդնում իրենց ագրոպարենային առեւտրային քաղաքականության միջավայրերի հզորացման ուղղությամբ եւ մենք քաջալերում ենք նրանց՝ շարունակել այդ ուղով ընթանալ։
ՊԳԿ-ի 75-ամյակը, որը մենք ընդամենը մի քանի օր առաջ նշեցինք, պատմական նշագիծ է, որն ամրապնդում է մեր հանձնառությունը՝ ապահովելու սննդարար մթերքի հասանելիությունը յուրաքանչյուրի համար եւ մեկընդմիշտ վերջ տալու սովին։
ՊԳԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի 32-րդ նստաշրջանն այս հանձնառությունը գործողության վերածելու նշանակալի առիթ է։
Նոր գաղափարներ, հզոր գործընկերություններ՝ ավելի լավ արտադրության, ավելի լավ սնուցման, ավելի լավ շրջակա միջավայրի եւ ավելի բարեկեցիկ կյանքի ապահովման համընդհանուր նպատակներին հասնելու նոր ուղիներ։