ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ այն անվանելով «մեկ քայլ հետ» անդունդի եզրից։
«Այն ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, կանգնեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը և ստեղծելու տարածք դիվանագիտության համար՝ դեպի երկարատև համաձայնություն։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար», - գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը X-ում։
Կալասը նաև հայտնել է, որ զրուցել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան նախնական համաձայնությունն ապահովելու համար։
«Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված», - գրել է նա։
Կալասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ այս թեման այսօր կքննարկի Սաուդյան Արաբիայում։



