ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությունը։ Այս մասին  հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Նա (գլխավոր քարտուղարը) կոչ է անում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կատարել միջազգային իրավունքի համաձայն իրենց պարտավորությունները և հետևել հրադադարի պայմաններին, որպեսզի տարածաշրջանում ճանապարհ հարթվի երկարատև և համապարփակ խաղաղության համար», - նշված է հայտարարության մեջ, որը տարածվել է ՄԱԿ-ի կայքում։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը հրատապ անհրաժեշտություն է՝ քաղաքացիական բնակչության կյանքը պաշտպանելու և մարդկային տառապանքները մեղմելու համար:

Նա անկեղծորեն բարձր է գնահատել Պակիստանի և հրադադարի հաստատմանը նպաստող այլ երկրների ջանքերը։

Դյուժարիկը նաև հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց Ժան Առնոն «տարածաշրջանում է՝ երկարատև խաղաղության հասնելու ջանքերին աջակցելու համար»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ Նա հայտնել է, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։