Դպրոցականների նորարարական աստղագիտական նախագի...

Հայ գիտնականների ավանդն անգլերենով լուսաբանելու և միջազգային լսարանին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակում Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներին։

Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը:

Անգլերենի դասընթացի շրջանակում իրականացվող այս նախագծի ընթացքում աշակերտները ստեղծում են թվայնացված աուդիոգիդեր, որոնք նախատեսված են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում օգտագործման համար։ Արդեն պատրաստված աուդիոգիդերի մի մասը թվայնացվել է անգլերենով և վերածվել QR կոդերի, որոնք սկանավորելով՝ այցելուները կարող են տեղեկանալ Բյուրականի աստղադիտարանի պատմությանը և գործունեությանը։

Նախագծային աշխատանքը ղեկավարում է 11-րդ դասարանի անգլերենի դասագրքի համահեղինակ Օհաննա Ավետիսյանը, իսկ նյութն ընտրված է նշված դասագրքում առաջարկվող թեմաներից։

Նախագծի շրջանակում աշակերտներն իրականացնում են աստղագիտական ուղղվածության մեկ այլ աշխատանք ևս. ուսումնասիրում են կյանքի գոյության հնարավորությունն այլ մոլորակների վրա։ Աշխատանքի նպատակն է ստեղծել կրթական խաղ, որը կցուցադրի, թե ինքնագնաց ռոբոտն ինչպես կարող է գործունեություն ծավալել Մարս մոլորակի վրա։

Ձեռք է բերվել ծրագիրը շարունակելու և Բյուրականի աստղադիտարանի այլ այցելավայրերի ներգրավմամբ ընդլայնելու պայմանավորվածություն: