Նիկարագուայի նախագահը չեղարկել է ընտրությունն...

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան որոշել է չեղարկել ընտրությունները, որպեսզի ընդդիմությունը չկարողանա իշխանության գալ։ Իր որոշման մասին նա հայտարարել է Սանդինիստական հեղափոխության 47-րդ տարեդարձի պատվին տեղի ունեցած հանդիսության ժամանակ, գրում է The Guardian-ը։

80-ամյա Օրտեգան զբաղեցնում է առաջնորդի պաշտոնը 2007 թվականից։ Նա հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Ազգային ժողովի և այլ ինստիտուտների հետ համատեղ փոխել օրենսդրությունը՝ ստեղծելու խոչընդոտ դավադիրների և իրենց երկիրը վաճառող դավաճանների դեմ։

«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինելու, որպեսզի նրանք չկարողանան փորձել զավթել կառավարությունը, զավթել իշխանությունը»,- հայտարարել է Օրտեգան։

«Մենք ընդունել ենք անվճար կրթության մասին օրենք՝ առաջին աստիճանից մինչև համալսարանական դիպլոմ, և մենք շարունակում ենք նոր դպրոցներ բացել երկրում, կրթության մեջ ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ։ Իսկ նրանք նստած սպասում են, միայն թե շահեն ընտրությունները և հարստանան դպրոցների հաշվին, բայց թող մոռանան այդ մասին, այստեղ այլևս ընտրություններ չեն լինելու, որպեսզի իշխանությունը զավթելու փորձեր ևս չլինեն», - նշել է նա

Քվեարկությունը պետք է կայանար 2027 թվականին։ Օրտեգան չի հստակեցրել մանրամասները՝ արդյոք ընտրական գործընթացն ամբողջությամբ է չեղարկվելու, թե՞ պարզապես կարգելվի ընդդիմության մասնակցությունը։

Ավելի վաղ վարչակարգն արդեն կիրառել էր նման միջոցներ։ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Նիկարագուայի իշխանություններն արգելել էին քաղաքական կուսակցությունները և նախագահի բոլոր ընդդիմադիր թեկնածուներին ուղարկել բանտ։