Մոլդովայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

Հուլիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Մոլդովայի Հանրապետության դեսպան Լ․ Դարիյը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Նրան վճռական բողոք է ներկայացվել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների և ավտոտրանսպորտի հետ կապված երկու միջադեպերի ընթացքում մոլդովական կողմից 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտման կապակցությամբ։

Այսպիսով, հուլիսի 19-ին Քիշնևում մոլդովացի ոստիկանները իբր փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցրել են Ռուսաստանի դեսպանատան ավտոբուսը և առանց որևէ պարզաբանման հանել դրա դիվանագիտական պետհամարանիշները։ Այս գործողություններն իրականացնելիս ոստիկանները ուժ են կիրառել դեսպանատան աշխատակիցների նկատմամբ և սպառնացել ձերբակալմամբ։ Մոլդովայի ԱԳՆ-ն անտեսել է իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայրում գերատեսչության ներկայացուցիչ ուղարկելու վերաբերյալ Ռուսաստանի դեսպանատան խնդրանքը։

Մյուս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը «Լեուշենի» սահմանային անցակետում, երբ ռուսական դեսպանատան աշխատակիցները դուրս են եկել Մոլդովայից՝ Ռուսաստան ծառայողական բեռ հասցնելու նպատակով։ Նրանց անհիմն կերպով սահմանին պահել են ավելի քան չորս ժամ։

Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լ․ Դարիյին մատնանշել է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի հիմնարար դրույթների կոպիտ խախտումը, որոնց համաձայն՝ նստավայր պետությունը պարտավոր է բոլոր հնարավորությունները ընձեռել դիվանագիտական ներկայացուցչության գործառույթների իրականացման համար, իր տարածքում ապահովել դրա աշխատակիցների ազատ տեղաշարժը, ինչպես նաև բոլոր պաշտոնական նպատակներով թույլատրել և պաշտպանել ներկայացուցչության ազատ հաղորդակցությունը։

Դեսպանին տեղեկացվել է, որ ռուսական կողմն իրեն իրավունք է պահպանում պատասխան հայելային քայլերի դիմելու համար»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։