
Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման հարցը: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա արդեն 2025 թվականի ամռան սկզբին: Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը՝ այս քայլը կարող է համընկնել «երկու ժողովուրդ երկու պետություն» ծրագրի իրականացմանը նվիրված միջազգային համաժողովի հետ, որը կազմակերպվելու է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հունիսի 2-4-ը:
Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովի առջև՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին առաջին անգամ հաստատել է, որ Լոնդոնն ու Փարիզը քննարկում են Պաղեստինի ճանաչման հարցը՝ կապված Սաուդյան Արաբիայի կողմից համատեղ հովանավորվող առաջիկա համաժողովի հետ։ Միևնույն ժամանակ, նա նախկինում ընդգծել էր, որ Պաղեստինի պետականության ճանաչման անհրաժեշտ պայմանը կլինի ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների լիակատար հեռացումը Գազայի հատվածում իշխանությունից։
Ինչպես նշում է թերթը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների կողմից Պաղեստինի ճանաչումը կարող է նոր խթան հաղորդել պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում ջանքերին, սակայն դրա ճանապարհին կան բազմաթիվ դիվանագիտական խոչընդոտներ։ Հիմնականներից մեկը կլինի Իսրայելի դիմադրությունը, որի ղեկավարությունը կարծում է, որ Պաղեստինի ճանաչումը կամրապնդի Համասի և Իրանի դիրքերը։ Ավելին, ինչպես Լամմին է ընդգծել իր ելույթում, Լոնդոնը չի ցանկանում, որ Պաղեստինի ճանաչումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից լինի զուտ խորհրդանշական ժեստ։ Նրա խոսքով՝ նման քայլը պետք է ձեռնարկվի այն ժամանակ, երբ այն կարող է առավելագույն ազդեցություն ունենալ՝ դեպի լավը փոխելով տարածաշրջանի իրավիճակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը կարող է ճանաչել Պաղեստինի պետականությունը հունիսին։ Ավելի վաղ, 2024 թվականին, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը զուգընթաց, Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին։ Իսրայելը պատասխանեց դրան՝ հայտարարելով Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից իր դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։