
Նիկոլ Փաշինյանի խոսքի արժանահավատության ստուգման համար նախ պարտավոր են ներկայացնել ավտոմեքենաների մեջ գործող ռադիոկապի ձայնագրությունը, որը ոչնչացվել է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 30–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե դա ոչ թե իր ավտոշարասյուն է եղել, այլ վարչապետի, և ինքը անգամ վկա չէ այս գործով, քանի որ մեքենայի մեջ նստած է եղել եւ ոչինչ չի տեսել։
«Ես նույնիսկ մտածում եմ, որ ոչ թե ոչնչացվել է, այլ պահվում է դիտավորյալ կերպով։ Այդտեղ կա մի հանգամանք, որը շատ խնայողաբար թաքցվում է։ Օրինակ մենք կտեսնեինք ով հրահանգեց։ Տեսեք պաշտպանն ակնարկում է, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի, այսինքն մարդուն գուցե ասել են՝ արագացրու, սա է ամբողջ խնդիրը։ Երբ լսում ենք պաշտպանական եզրափակիչ ելույթները, տպավորությունն այն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմի մոտ։ Եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող ցուցմունք տա դրա մասին, թե արդյոք իրեն արագության վերաբերյալ ցուցում տրվել է, թե ոչ։ Երեկ վերջին խոսքում ինքը ակնարկեց, որ արագությունը իր լիազորությունը չի, բայց ինքը երբեք չի ընդունել, որ արագություն է գերազանցել»,– ընդգծեց Րաֆֆի Ասլանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։