
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, դիտարկելով զբոսաշրջային ծառայություն մատուցող վարորդների բողոքի ակցիաները և կարևորելով խնդրի սոցիալ-տնտեսական հետևանքները, նախաձեռնել էր հանրային լսում՝ առկա խնդիրները քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ։
Հանրային լսմանը ներկա էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, կոմունալ վարչության ներկայացուցիչը, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը և մի շարք վարորդներ։
Քննարկման ընթացքում վարորդները հայտնեցին իրենց անհանգստությունն առ այն, որ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքի կիրառումն իրենց զրկել է աշխատանքային գործունության բնականոն ընթացքն ապահովելու, ասել է թե՝ օրվա հացը վաստակելու հնարավորությունից։
Վարարոդներն առաջարկեցին այլընտրանքային լուծում, այն է՝ տրամադրել, օրինակ, Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքը, Նալբանդյան փողոցի որևէ հատված, Սարյան փողոցի Տղամարդիկ հուշարձանի կամ Տերյան փողոցի հարակից տարածքները։
Այս առնչությամբ՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի համապատասխան առաջարկ՝ վարորդների գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։